10:34 | 18.11.10 | Հարցազրույցներ | exclusive 5356

«Հայաստանը կդասվի աշխարհում 4G LTE ցանց գործարկած պետությունների շարքին»

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը և Itel.am պորտալին

- Ե՞րբ կայացվեց Հայաստանում LTE տեխնոլոգիայի հիման վրա 4G ցանց կառուցելու որոշումը, և ի՞նչ աշխատանքներ են կատարվել մինչ օրս:
 
- Այդ ուղղությամբ սկսել ենք մտածել դեռևս 2009թ. սկզբից` ընկերության 2010թ. բիզնես պլանի ու ռազմավարության մշակման փուլում: Բուն աշխատանքը սկսել ենք 2009թ. նոյեմբեր ամսից`աշխատանքներ ծավալելով թե հարմար մատակարար գտնելու, թե հաճախականություններ ստանալու ուղղությամբ, քանի որ այս տեխնոլոգիան դեռ նոր է և կարող է գործել միայն սահմանափակ թվով հաճախականություններով:

Մենք բանակցել ենք տարբեր մատակարարների հետ. ներկայումս աշխարհում կա միայն 3-4 մատակարար, որոնք արտադրում են այս տեխնոլոգիան: Արդյունքում Ericsson-ի և Huawei-ի հետ կնքվեցին համապատասխան պայմանագրեր, մշակվեցին աշխատանքային ծրագրեր: Աշխատանքային թիմն անմիջապես սկսեց իրականացնել նախագծման և  կայանների կառուցման աշխատանքները:

- Երբ է սկսվելու 4G ցանցի ֆիզիկական ներդրումը և ինչ փուլեր է այն ունենալու:

- Սկզբնական փուլում ցանցը գործարկելու ենք Երևանի փոքր կենտրոնում: Հաջորդ տարի այն կներառի ամբողջ մայրաքաղաքը: Հաջորդ փուլը կլինի ընդլայնումը մարզերում:  Առաջինը 4G ցանցը հավանաբար կներդրվի Վանաձոր և Գյումրի քաղաքներում, հետո կանցնենք մնացած քաղաքներին ու գյուղերին` ինչպես արվեց երրորդ սերնդի ցանցի (3G) կառուցման ժամանակ:

Ներկայումս մենք ունենք երրորդ սերնդի գործող ավելի քան 540 բազային կայան, և այդ ցուցանիշով առաջատարն ենք Հայաստանում: Մեր նպատակն ու ռազմավարությունն է` չորրորդ սերնդի ցանցը հասցնել 3G-ի ցուցանիշներին` ռադիոծածկույթի ընդգրկման, հասանելիության և այլ առումներով: Այսօրվա դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի ամենաընդարձակ 3G ցանցը Հայաստանում` ներառելով երկրի բնակելի տարածքների շուրջ 94%-ը կամ Հայաստանի ավելի քան 650 քաղաքներ և գյուղեր:

Մենք ձգտում ենք չորրորդ սերնդի ցանցը (4G) գործարկել մինչև դեկտեմբերի սկիզբը: Առաջին փուլում կտրամադրվեն փորձարկման անվճար հնարավորություններ: Յուրաքանչյուր բաժանորդ կարող է անձամբ փորձարկել մեզ համար բոլորովին նոր տեխնոլոգիան, որը նորարարություն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Մեզ համար շատ կարևոր է բաժանորդներին հնարավորություն տալ փորձարկել 4G ցանցը` մինչև կոմերցիոն մեկնարկը շուկայում:

LTE-ն ունի մի շարք առանձնահատկություններ. աշխարհում հատուկենտ երկրներ կան, որտեղ այս համակարգը գործում է կոմերցիոն հիմունքներով: Պետք է հպարտությամբ նշեմ, որ Հայաստանը լինելու է ցանցը գործարկած պետությունների առաջին տասնյակում:

Մենք չենք սահմանափակվելու միայն փորձարկմամբ, ինչպես շատ օպերատորներ կանեին. որոշել ենք չորրորդ սերունդն անմիջապես մտցնել շուկա: Հետևաբար` կարող ենք ասել, որ մեր երկրի անունը միջազգային ասպարեզում կապի ոլորտում կհնչի ԱՄՆ-ի, Շվեդիայի, Նորվեգիայի և զարգացած այլ երկրների կողքին:

Ի դեպ, 2009-ի հուլիսին MTS-ի կողմից փորձնական ռեժիմով 4G ցանց գործարկվեց ԱՊՀ երկրներից Ուզբեկստանում:  Սակայն, կրկնեմ` մենք 4G ցանցը գործարկելու ենք միանգամից կոմերցիոն հիմունքներով:

LTE-ն բացառապես որպես բարձր արագություն ապահովող տեխնոլոգիա ներկայացնելը այդքան էլ ճիշտ չէր լինի: Իհարկե, երրորդ սերնդի ցանցի հետ համեմատած` այն ապահովում է տասնապատիկ ավելի բարձր արագություն: Միևնույն ժամանակ, այսպես կոչված «հապաղումը» (latency) կիսով չափ նվազում է: Մատակարարների գնահատմամբ  ներբեռնման դեպքում արագությունը կարող է հասնել մինչև 150 Մբիտ/վրկ արագության, իսկ վերբեռնման դեպքում`մինչև 50 Մբիտ/վրկ: Դրանք, ինչ խոսք, տեսական հնարավորություններն են:  Իրականում արագությունը ներբեռնման համար կարող է տատանվել 10-50 Մբիտ/վրկ-ի, իսկ վերբեռնման համար` 5-10 Մբիտ/վրկ-ի սահմաններում: Ակնհայտ է, որ 4G-ն բացարձակ տարբեր է լինելու 3G-ի արագություններից և տեխնոլոգիաներից:

- Ի՞նչ ծավալի ներդրումներ են անհրաժեշտ 4G ցանցի կառուցման համար, որքա՞ն եք ներդրել և պիտի դեռ ներդնեք:

- 4G-ն ներդնելու վրա մենք աշխատանքային և ֆինանսական ռեսուրսներ չենք խնայում: Կարող եմ ասել, որ ներդրումների ամբողջ ծավալը 2 անգամ գերազանցելու է այն, ինչ նախատեսված է եղել 2010թ.-ի համար: Լինելով առաջատարը տարբեր հարթություններում `(բաժանորդների քանակով, բազային կայանների քանակով, ցանցի հզորությամբ, սպասարկման որակով և այլն) մենք չենք պատրաստվում զիջել մեր դիրքերը: Մենք պահելու ենք առաջատարի մեր դիրքը և այն ավելի ենք ամրապնդելու:

- Կարելի՞ է ասել, որ Հայաստանը որոշակի փորձադաշտ կլինի MTC խմբի համար` 4G ցանցի ներդրման և փորձարկման առումով:

- Այո, և ոչ միայն MTC խմբի, այլև մատակարարների համար: Նրանք միշտ հետևում են գործողությունների ընթացքին, փորձարկում, վերանայում, զարգացնում են տեխնոլոգիաները, սարքավորումներն ու ծրագրային ապահովումը:

- Ի՞նչ եք կարծում, բաժանորդները պատրա՞ստ են «մարսել» այս նոր տեխնոլոգիան. չէ՞ որ 3G ցանցն էլ բավականին նոր է: Բաժանորդների ո՞ր տոկոսը պատրաստ կլինի կիրառել նոր ցանցի հնարավորությունները:

- Առաջատարը նա է, ով մշտապես ձգտում է նորությունների և ներդնում է այդ նորությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է տեսնել տեխնոլոգիապես հարուստ Հայաստան: Այսօր մենք ունենք երկրորդ սերնդի GSM ցանցը, որն օգտագործում է 900ՄՀց և 1800 ՄՀց հաճախականությունները և 3-րդ սերնդի ցանցը, որն օգտագործում է 2100ՄՀց հաճախականությունը: 4-րդ շերտը բոլորովին անկախ է նախորդներից, ունի բազմաթիվ հնարավորություններ և առանձնահատկություններ: Մեզ համար այս տեխնոլոգիան նոր է: Եվ այն փորձնական եղանակով շահագործելու մեր ցանկության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք ցանկանում ենք տեսնել, թե բաժանորդները որքանո՞վ  են հետաքրքրված այս համակարգով: Ուզում եմ հիշեցնել, որ ի տարբերություն երրորդ սերնդի ցանցի այս տեխնոլոգիաներն արտասահմանում` միջազգային շուկայում, դեռ բավականաչափ տարածում չեն գտել: Առաջատարի մեր կարգավիճակը մեզ պարտավորեցնում է առաջարկել այդ տեխնոլոգիան, և թող բաժանորդն ինքը որոշի` արժե՞ այդ ծառայություններից օգտվել, թե` ոչ:

- 4G ցանցի գործարկումը ևս մեկ ապացույց է այն միտման, որ մրցակցությունը օպերատորների միջև ձայնային ծառայություններից տեղափոխվում է տվյալների փոխանցման, ինտերնետի դաշտ: Սա համաշխարհային միտում է: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում. կարելի՞ է ասել, որ ձայնային ծառայությունների շուկան գրեթե հագեցած է և աճի մեծ հեռանկար այլևս չունի:

- Ձայնային ծառայությունների շուկան, իսկապես, գրեթե հագեցած է: Թեև յուրաքանչյուր ընկերություն պետք է փորձի մի փոքր ավելացնել իր ձայնային ծառայությունների բազան: Հիմա պայքարը ծավալվում է տվյալների փոխանցման շուկայում, և աշխարհում արդեն շատ արագ զարգանում է այդ միտումը:

Համենայն դեպս, կարճաժամկետ կտրվածքում, ձայնային ծառայությունների տեսակարար կշիռը եկամտաբերության իմաստով ավելի մեծ կլինի, քան տվյալների փոխանցմանը: Հատկապես միջազգային շուկաներում իրականացվել են լուրջ ներդրումներ թանկարժեք սարքավորումների ձեռքբերման և ցանց կառուցելու վրա` տվյալների փոխանցման ծառայություների պահանջարկը բավարարելու նպատակով: Դա նշանակում է, որ տվյալների փոխանցման ծառայությունները կարճաժամկետ կտրվածքում այդքան էլ եկամտաբեր չեն. 1-5 տարվա ընթացքում տեխնոլոգիաները փոխվում են, և նոր ներդրումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում` ցանցը բոլորովին նոր սարքավորումներով համալրելու նպատակով: Անկախ պահանջվող ներդրումների ծավալից և պահանջվող ռեսուրսներից` տվյալների փոխանցման տեխնոլոգիաների ներդրումն ու ծառայությունների զարգացումը դրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ ռազմավարության հիմքում` ի նպաստ մեր բաժանորդների: