«Կոռնետ-ԱՄ» ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանը
10:38 | 17.11.10 | Հարցազրույցներ | exclusive 5018
«Կոռնետ-ԱՄ» ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Դեմիրխանյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Itel.am պորտալին
- Հոկտեմբերի վերջին «Կոռնետ-ԱՄ»-ը Ծաղկաձորում սկսեց Intracom Telecom ընկերության սարքավորումներով կառուցված` WiMAX ցանցի փորձնական շահագործումը: Ծաղկաձորը «Կոռնետ-ԱՄ»-ի ցանցի ներկայության 22-րդ քաղաքն է եւ առաջինը, որտեղ ցանցը գործարկվել է նոր սարքավորման հիման վրա: Ո՞րն է նոր տեխնիկային անցնելու պատճառը:
- Իրականում այսօր չկա այդպիսի հարցադրում, որ ողջ ընկերությունը պետք է անցում կատարի նոր սարքավորման. դա ավելի շուտ հեռանկարների եւ հնարավորությունների գնահատում է: Պատմականորեն «Կոռնետ-ԱՄ»-ի ցանցը կառուցված է մեկ արտադրողի` Airspan Communications-ի սարքավորումների վրա: Դա միշտ չէ որ օպտիմալ է գործառնական տեսանկյունից, քանի որ, եթե համակարգում առկա է սխալ, այն կարող է ազդել ողջ ցանցի աշխատունակության վրա: Բացի այդ, եթե սարքավորում արտադրողն իրեն համարում է, որ իրեն այլընտրանք չկա, ապա սովորաբար կապի օպերատորի հետ իր հարաբերությունները ձեւավորում է համապատասխան եղանակով, ինչը հանգեցնում է որոշակի բարդությունների: Որոշակի վերապահում. դա ամենեւին չի նշանակում, որ մեր ընկերությունը դժգոհ է մատակարարողի սարքավորումից կամ նրա հետ աշխատանքից, սակայն նաեւ չի բացառում այլընտրանքների օգտագործումը: Այդ պատճառով, երբ հունական Intracom Telecom ընկերությունը ի դեմս Intracom Armenia հայաստանյան դուստր ընկերության հայտարարեց մեր կապուղային հաճախականության համար WiMAX բազային կայանների նոր սերնդի արտադրության մեկնարկի մասին, մենք չէինք կարող չօգտվել այդ հնարավորությունից:
Պիլոտային ծրագիրը նախատեսում է «Կոռնետ-ԱՄ»-ի տնօրինության ներքո գտնվող` 3,6-3,8 ԳՀց հաճախականությամբ նոր սարքավորման թեստավորում, ինչպես նաեւ այդ սարքավորման ինտեգրումը մեր ցանցի միջուկում: Փորձնական ծրագրի հաջող ավարտի դեպքում ընկերությունը հնարավորություն կունենա այլընտրանքային սարքավորում ներմուծել ցանցի հետագա ընդլայնման նպատակով:
Նոր բազային կայանը տեղակայվել է Ծաղկաձորում: Ինչու՞ հենց այնտեղ: Ցանկացած նոր լուծում պահանջում է փորձարկման էքստրեմալ պայմաններ, իսկ Ծաղկաձորը, լինելով փոքր քաղաք, ունի բավականին բարդ ռելիեֆ, միաժամանակ, այնտեղ ընթանում է ակտիվ կառուցապատում:
Բացի այդ, Ծաղկաձորում կա ակտիվության 2 շրջան, երբ շատ փոքր տարածքում հավաքվում են հսկայական թվով մարդիկ` ամռանը եւ ձմռանը: Միաժամանակ, Երեւանում նկատվում են, այսպես կոչված, «հակապիկեր»` ամռանը` արձակուրդների ընթացքում, եւ ձմռանը`ամանորյա տոներին: Այսպիսով, Երեւանում ակտիվության անկման կոմպենսացումը հանգստյան գոտիներում ներկայության ավելացման հաշվին հանգեցնում է մեր հեռահաղորդակցային ռեսուրսների առավել արդյունավետ շահագործմանը: Կարծում եմ, տրամաբանական կլինի, եթե հերթական փորձնական ծրագիրը մենք իրագործենք Ջերմուկում:
- Ծաղկաձորում WiMAX ցանցի գործարկումից հետո «Կոռնետ-ԱՄ»-ը հանդես եկավ հետաքրքիր գնային առաջարկներով. անսահմանափակ ինտերնետ 1, 2 եւ 3 Մբիտ/վրկ արագությամբ, համապատասխանաբար, ամսական 10, 20 եւ 30 հազ. դրամի դիմաց: Շուկայի ո՞ր հատվածին է ուղղված այդ առաջարկը:
- «Կոռնետ-ԱՄ»-ն ի սկզբանե եղել եւ մնում է կողմնորոշված դեպի կորպորատիվ հատվածը: Մենք հասկանում ենք, որ այսօր անձնական զանգվածային հասանելիության ծառայությունների շուկայում գոյություն ունեն բազմաթիվ հարմարավետ տեխնոլոգիական լուծումներ, ինչպես, օրինակ, 3G-ն: Սակայն նաեւ ֆիզիկական անձանց շուկայում է առկա մեզ համար հետաքրքիր հատված, որը սպառած ծառայությունների ծավալով եւ յուրահատկություններով սահմանակից է կորպորատիվ հաճախորդներին:
Նախկինում ամեն ինչ պարզ էր. ֆիզիկական անձ բաժանորդները 3 տեսակի ծառայության կարիք ունեին` ինտերնետ-սերֆինգ, սոցիալական ցանցեր եւ Skype: Այժմ ավելի մեծ թվով մասնավոր սպառողներ գործարկում են սեփական կայքէջերը, ձեւավորում են իրենց VPN-ցանցերը, ինչի համար ավելի նախընտրելի են WiMAX տեխնոլոգիայի հիման վրա ծառայությունները: Միաժամանակ, անլար լայնաշերտ հասանելիության ցանցերի միջոցով ծառայությունների մատուցման հարմարավետությունն ու օպերատիվությունը շահեկանորեն դիրքավորում են մեր առաջարկները շուկայում: Սպառողների հենց նշված հատվածի համար է նախատեսված «1-մեգաբիտային» ծառայությունը:
Ինչ վերաբերում է տվյալների փոխանցման ավելի բարձր արագություններին, որքան ինձ հայտնի է, նմանատիպ առաջարկ Ծաղկաձորում չկա: Այն ուղղված է առավելապես իրավաբանական անձանց հատվածին, որը վերջին տարիներին բավականին ակտիվ է զարգանում այդ տարածաշրջանում:
- Հեշտությա՞մբ են արդյոք ՀՀ ձեռնարկությունները համաձայնում աշխատել անլար հասանելիության օպերատորների հետ:
- Ամեն ինչ, ի վերջո, հանգում է տեղեկատվության պաշտպանվածությանը: Ի սկզբանե «Կոռնետ-ԱՄ»-ի ցանցի համար տեխնոլոգիայի ընտրությունը կատարվում էր ըստ տեղեկատվության անվտանգության նկատմամբ պահանջների: Ցանցի եւ տեխնոլոգիայի հնարավորություններն ընկերությունը հետեւողականորեն հասցնում էր հեռահաղորդակցային հանրությանը, սակայն «վստահության կետը», ըստ իս, կարելի է համարել այն պահը, երբ մի քանի տարի առաջ «Կոռնետ-ԱՄ»-ը հավաստագրեց լայնաշերտ հասանելիության տեխնոլոգիայի կիրառման իրավունքը ArCa-ի պրոցեսինգային կենտրոնին ATM տերմինալների միացման համար: Դա արմատապես փոխեց սպառողների պատկերացումերն ու մոտեցումը անլար տեխնոլոգիաների նկատմամբ:
Անլար տեխնոլոգիաների հիմնական առավելություններն ակնհայտ են. ծառայությունների մատուցման արագություն, ցանցի մեծ ծածկույթ, շարժունակություն: Մյուս կողմից, մենք կարող ենք լուծել հաճախորդների խնդիրները մինչեւ որոշակի սահմանը, իսկ այդ սահմանը որոշվում է այն արագություններով, որոնք անհրաժեշտ են հաճախորդին: Այդ պատճառով, երբ հաճախորդը` կորպորատիվ կամ ֆիզիկական անձը, «հատում է» թողունակության այն սահմանը, որը կարող է տալ անլար տեխնոլոգիան, նա կարող է անցնել օպտիկական ալիքներին ու տեխնոլոգիաներին, որոնք կապահովեն հասանելիություն ցանցին 10 Մբիտ/վրկ-ից բարձր արագություններով: Վերջին տարիներին մենք նկատում ենք այդ գործընթացը Հայաստանում եւ ուրախանում, քանի որ դա նշանակում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները ավելի ու ավելի են դառնում մեր կյանքի անբաժանելի մասը: Միաժամանակ, նույնիսկ մեր ընկերության օրինակով ես կարող եմ նշել, որ հաճախորդի անցումը անլար տեխնոլոգիային, որպես կանոն, չի նշանակում հրաժարվել անլար լայնաշերտ հասանելիությունից, որը շարունակում է ծառայել որպես պահուստային, լրացուցիչ լուծում` ինչպես դա արել են մեր մի շարք հաճախորդները:
- Կարելի՞ է ենթադրել, որ, ի տարբերություն Icon Communications-ի, «Կոռնետ-ԱՄ»-ն այնքան էլ շատ չի տուժել ՀՀ շուկա 3G տեխնոլոգիայով ինտերնետ-պրովայդերների մուտքից:
- Ինձ համար դժվար է համեմատություն կատարել: 3G տեխնոլոգիայի հիման վրա հասանելիության զանգվածային ծառայությունների ի հայտ գալն ու ակտիվ առաջխաղացումը չէր կարող չազդել գների միջին մակարդակի վրա` դրանց նվազեցման ուղղությամբ: Դա վերաբերում է ոչ միայն անլար լայնաշերտ հասանելիության ծառայությունների պրովայդերներին, այլեւ շուկայի բոլոր մասնակիցներին: «Կոռնետ-ԱՄ»-ն այդ իմաստով ամենեւին էլ բացառություն չէ, սակայն, ինչպես արդեն ասացի, մենք աշխատում ենք այլ հատվածում: Ընկերության կողմնորոշվածությունը դեպի կորպորատիվ հաճախորդները, ինչպես նաեւ ցանցի եւ ծառայությունների հասանելիությունը մարզերում որոշակի աստիճանով թույլ է տվել կայունացնել իրավիճակը: Թեեւ վերջին ժամանակաշրջանում «Կոռնետ-ԱՄ»-ի մասնավոր հաճախորդների մասնաբաժինն ավելանում է, ընկերության հասույթում, այնուամենայնիվ, հիմնական մասնաբաժինը ձեւավորում է կորպորատիվ հատվածը: Միաժամանակ, ընկերության հաճախորդային բազան տարեկան ավելանում է միջինը 25%-ով:
- Ի՞նչ ծավալի ներդրումներ է կատարել ընկերությունը, եւ ինչպե՞ս է ապահովվում դրանց վերադարձելիությունը, եթե հաշվի առնենք, որ «Կոռնետ-ԱՄ»-ը գործում է ՀՀ 22 քաղաքներում, որոնց մեծ մասի շուկաներն անհամաչափորեն փոքր են:
- 2008-2010 թթ. ցանցի կառուցման ուղղությամբ ներդրվել է ավելի քան $5,5 մլն, եւ գործընթացը շարունակվում է: Միաժամանակ, ընկերությունը հետեւողականորեն իրականացնում է ցանցի ընդլայնման եւ արդիականացման քաղաքականություն` շուկայի պահանջարկի բարելավման նպատակով: Իրագործելով ՀՀ ողջ տարածքում հասանելիության ազգային ցանցի հայեցակարգը` մենք հաշվի ենք առել, որ տարբեր մարզերում ծառայությունների նկատմամբ պահանջարկը տարբեր է: Այդ պատճառով իմաստ չունի խոսել հասանելիության ցանցի «փոխհատուցման» մասին 10-20 հազար բնակիչ ունեցող մարզում, առանձին վերցրած մեկ քաղաքում, նույնիսկ ավելի խոշոր քաղաքներում, այլ ավելի ճիշտ է գնահատել ողջ ցանցի արդյունքները ընդհանուր առմամբ:
2008թ. վերջին սկսկելով WiMAX ցանցի շահագործումը` մենք փորձում ենք հավատարիմ մնալ 5 տարվա համար հաշվարկված հեռանկարային ծրագրին: Նույնիսկ ֆինանսական ճգնաժամի եւ շուկայում տեղի ունեցած փոփոխությունների պայմաններում ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճի միտման պահպանման դեպքում, հուսով եմ, «Կոռնետ-ԱՄ»-ն արժանապատիվ տեղ կզբաղեցնի ՀՀ հաջողված ծրագրերի ցանկում:
- Ընկերությունը պատրաստվում էր մատուցել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ո՞րն է հետաձգման պատճառը:
- 2010թ. «Կոմստար-ՕՍՏ» ԲԲԸ-ն, որի կազմում ենք նաեւ մենք, հանձնվեց MTC խմբի կառավարմանը, որը եւս ներկայումս գործում է ՀՀ շուկայում եւ շատերին հայտնի է որպես VivaCell-MTS բջջային օպերատոր:
Մենք ներկայումս մշակում ենք միասնական ծառայությունների, այդ թվում` նաեւ ֆիքսված հեռախոսակապի տրամադրման հայեցակարգը:
- Դա նշանակու՞մ է արդյոք «Կոռնետ-ԱՄ»-ի եւ VivaCell-MTS-ի միավորման հնարավորություն` որպես կապի մեկ ունիվերսալ օպերատոր:
- Դա իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներից մեկն է: Ընդհանուր առմամբ, ֆիքսված եւ շարժական բիզնեսների ինտեգրումը ուղղված է հենց այդպիսի բազմասերվիսային օպերատորի ստեղծմանը:
- Այժմ ՀՀ ինտերնետային ծառայությունների շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ օպերատորները գների իջեցման փոխարեն առաջարկում են ավելի շատ ծառայություններ նախկին արժեքով: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Կարծում եմ, գնային ցածր առաջարկները, որոնք առկա են հայաստանյան շուկայում, ոչ միշտ են համապատասխանում պրովայդերների կապիտալ եւ գործառնական ծախսերին: Սակայն դա դեռեւս դեմպինգ չէ, այլ սահմանափակ շուկայի պայմաններում հաճախորդային բազայի ծավալը պահպանելու բնական ցանկություն:
Հեռահաղորդակցային ցանցի կառուցման ժամանակ կապիտալի տեսանկյունից ամենածախսատարը հասանելիության ցանցն է: «Հաճախորդի համար» նախատեսված սակագնում պետք է ներառված լինի ներդրումային բաղադրիչը, որը, նախեւառաջ, ապահովում է արդեն կատարված ներդրումների հատուցումը եւ հասանելիության ցանցի հետագա զարգացումը: Դա այն է, ինչը խթանում եւ ապահովում է հաճախորդների թվի ու ծառայությունների ծավալի կայուն աճը:
Սակայն, իմ կարծիքով, այն, ինչ այսօր է կատարվում շուկայում, ոչ միշտ է համապատասխանում տնտեսության օրենքներին հեռահաղորդակցային ցանցերի կառուցման մասով: Հաճախորդի համար մրցավազքում պրովայդերները հաճախ անտեսում են ցանցի զարգացման պահանջները: Այդ պատճառով, ցավոք, Հայաստանում առաջիկա տարիներին հասանելիության այլընտրանքային ցանցների դինամիկ զարգացում, կարծում եմ, ակնկալել հարկավոր չէ: Կամայականորեն իջեցնելով գները` օպերատորները կարող են ստանալ հակառակ արդյունքը. ներդրումների դանդաղ փոխհատուցումը չի նպաստի հաճախորդային բազայի ավելացմանը, որը կարող էր խթանել սակագների նվազեցումը:
Սակայն առավել մտահոգիչ է տրամադրվող ծառայությունների որակը: Կան որոշ` ժամանակով եւ միջազգային փորձով ստուգված կանոններ` նկարագրված Միջազգային հեռահաղորդակցային միության (ITU) առաջարկություններում, որոնք բնական մուլտիպլեքսավորման թույլատրելի շեմը շաղկապում են ակտիվ բաժանորդների թվի հետ: Մատուցվող ծառայությունների ծավալների ավելացումը դրանց արժեքի պահպանման դեպքում հաճախ ապահովվում է հասանելիության ցանցի ավելի ծանրաբեռնված շահագործման հաշվին, ինչը, ցավոք, կարող է որակական ցուցանիշների թուլացման պատճառ դառնալ: Համաձայնեք, Հայաստանում այնքան էլ շատ չեն պրովայդերները, որոնք կարող են պարծենալ 20 հազար եւ ավել բաժանորդային բազայով, ինչը թույլ կտար կիրառել մուլտիպլեքսավորման առավելագույն թույլատրելի մակարդակներ: Ծավալների ավելացումը ծառայությունների արժեքի պահպանմանը զուգահեռ հանգեցնում է բիզնեսի մարժինալության բնական կրճատման, իսկ դա, իր հերթին, ցանցերի համարժեք զարգացման անհնարինության:
- Այսինքն, առաջիկայում պետք չէ՞ ակնկալել գների իջեցում:
- Ինձ թվում է` այո, եթե, իհարկե, ինչ-որ մեկը չձեռնարկի բացահայտ դեմպինգային քայլեր, ինչը ես բնավ չէի ցանկանա: Հայաստանում ինտերնետ-պրովայդինգի շուկան ազատականացված է, սակայն, իմ կարծիքով, կարգավորող մարմինները, մասնավորապես, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կարող են ավելի խորը վերլուծել ինտերնետային ծառայությունների գնագոյացման կառուցվածքը: Յուրաքանչյուր տեխնոլոգիա, այս կամ այն խնդիրների լուծման համար իր գրավչությամբ հանդերձ, ունի որոշակի առանձնահատկություն, եւ այդ առանձնահատկությունը պետք է հաշվի առնվի ենթակառուցվածքի զարգացման հայեցակարգի ձեւավորման ընթացքում` ամբողջ երկրի մասշտաբով:
Այդ պատճառով ես խորապես համոզված եմ, որ իրենք` օպերատորները պետք է ավելի խորը վերլուծեն ցանցային շինարարության տնտեսությունը, եւ այդ ժամանակ նրանք ինքնուրույն կհանգեն այն համոզման, որ ներկայիս սակագներով բուռն զարգացում ապահովելն անհնար է: