Վահրամ Մարտիրոսյան (դիտեք հաջորդ նկարը)
18:00 | 14.05.10 | Հարցազրույցներ | exclusive 10908
Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) Համակարգային ծրագրավորման լաբորատորիայի վարիչ Վահրամ Մարտիրոսյանի եւ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համակարգային ծրագրավորման ինստիտուտի օպերացիոն համակարգերի բաժնի վարիչ Վլադիմիր Ռուբանովի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Itel.am պորտալին
- ՌՀՀ Համակարգային ծրագրավորման լաբորատորիան մշակում է GNU/Linux օպերացիոն համակարգի հայկական տարբերակը (դիստրիբյուտիվ) NUR Linux անվան ներքո: Ինչպե՞ս է ձեռնարկվել հայկական դիստրիբյուտիվի ստեղծումը:
Վահրամ Մարտիրոսյան. - ՌՀՀ Համակարգային ծրագրավորման լաբորատորիան ստեղծվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի /ՌԳԱ/ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի մասնակցությամբ, որը համակարգում է մեր աշխատանքը, մասնավորապես, Linux-ի հայկական տարբերակի մշակումը: Մենք Linux-ի հետ վաղուց ենք «ընկերություն անում» եւ տեսնում ենք, որ այդ օպերացիոն համակարգն ունի բազմաթիվ առավելություններ` տեխնիկականից մինչեւ լիցենզիոն, որոնք թույլ են տալիս ազատ մոդիֆիկացնել ու ադապտացնել համակարգը կոնկրետ սպառողի պահանջներին: Եվ, իհարկե, Linux-ն անվճար օպերացիոն համակարգ է: Սակայն այն Հայաստանում դեռեւս լայն տարածում չի գտնում: Պատճառներից մեկն այն է, որ շարքային սպառողներն այնքան էլ տեղեկացված չեն, թե ինչ է իրենից ներկայացնում Linux-ը, չգիտեն, որ հաճելի նորամուծություններից բացի այնտեղ կան բոլոր հարմարությունները, որոնց նրանք սովորել են:
NUR Linux օպերացիոն համակարգը նախատեսված է հենց հայաստանյան սպառողների` այլ օպերացիոն համակարգերից Linux-ին անցումը հեշտացնելու համար: NUR Linux-ի ինտերֆեյսն առավելագույնս մոտեցված է բոլոր սպառողներին ծանոթ Windows-ին:
Վլադիմիր Ռուբանով. - Մեր կողմից ՌՀՀ Համակարգային ծրագրավորման լաբորատորիայի հիմնումը հայաստանյան բուհի եւ ՌԳԱ միջեւ ձեւավորված սերտ համագործակցության արդյունքն է: Մենք Հայաստանում տեսնում ենք ազատ ծրագրային ապահովման պահանջարկի աճ եւ այն, որ այստեղ դեռեւս լիովին չեն գնահատել բաց կոդի (open source) առավելությունները: Բացի այդ, հեղինակային իրավունքների պահպանման պահանջների խստացումը մեծ հետաքրքրություն կառաջացնի բաց կոդի հիման վրա ստեղծված ծրագրային ապրանքատեսակների նկատմամբ: Նշված հանգամանքները հանգեցրել են Linux-ի հայկական դիստրիբյուտիվի ստեղծման գաղափարին:
- Որո՞նք են NUR Linux-ի առանձնահատկությունները:
Վահրամ Մարտիրոսյան. - NUR Linux-ը ստեղծվել է Ubuntu դիստրիբյուտիվի հիման վրա, այստեղից էլ նրա անունը` NUR is Ubuntu Reconstructed (NUR-ը վերակառուցված Ubuntu-ն է):
Նշեմ, որ «հայկական դիստրիբուտիվ» հասկացությունը չի նշանակում, թե օպերացիոն համակարգի ինտերֆեյսը լինելու է բացառապես հայերեն լեզվով: Այլ օպերացիոն համակարգերից Linux-ի որակական տարբերություններից մեկն այն է, որ օգտագործողը կարող է փոխել օպերացիոն համակարգի ինտերֆեյսի լեզուն` առանց դրա նոր տարբերակը բեռնելու, այլ ընդամենը մենյուից ընտրելով անհրաժեշտ լեզուն եւ վերբեռնելով համակարգիչը` ինչպես դա սովորաբար արվում է բջջային հեռախոսների դեպքում:
NUR Linux-ի հիմնական առանձնահատկություններից մեկը հայկական այբուբենի կոդավորմամբ (ARMSCII` կոդավորում, որը թույլ է տալիս ստեղծել եւ կարդալ տեքստեր Arial Armenian, Arial LatArm եւ այլ տառատեսակներով) փաստաթղթեր ստեղծելու եւ կարդալու հնարավորությունն է: Դա հնարավոր է դարձել մեր կողմից Linux-ի համար ստեղծված առաջին հայկական «ոչ յունիկոդային» ստեղնաշարի շարվածքի շնորհիվ:
Հաշվի առնելով, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ սպառողներ են անցնում Unicode կոդավորմանը, մենք ստեղծել ենք նաեւ տեքստերի փոխարկիչ NUR Linux-ի համար` ARMSCII-ից UNICODE եւ հակառակը:
NUR Linux-ում ներառված է «առաջին անհրաժեշտության» ծրագրերի բավականին ծավալուն փաթեթ, այդ թվում` OpenOffice (Microsoft Office-ի անվճար անալոգ), Firefox ինտերնետ-բրաուզեր, արխիվատորներ, VLC անվճար մեդիանվագարկիչ, որը թույլ է տալիս բեռնել ամենատարբեր ֆորմատների մեդիաֆայլեր, եւ այլն: Ավելին, առկա է հատուկ էմուլյատոր, որը Linux-ի սպառողներին թույլ է տալիս աշխատել նույն ծրագրերով, որոնցով նրանք օգտվում են Windows-ում:
Linux-ի հայկական դիստրիբյուտիվն ունի եւս մի քանի առանձնահատկություններ, այդ թվում` մեր կողմից մշակված ծրագիրը` Bluetooth-ի միջոցով համակարգչի հեռակառավարում բջջային հեռախոսից, ինչը թույլ է տալիս, օրինակ, հեռակառավարել մեդիանվագարկիչը կամ պրեզենտացիաներ կատարել, անջատել եւ վերբեռնել համակարգիչը: Նշեմ նաեւ, որ մեր թիմը մշակել եւ դիստրիբյուտիվում ներառել է մի քանի խաղեր, որոնց «փակ» տարբերակներն արդեն ծանոթ են սպառողների լայն շրջանակի:
- Ե՞րբ կթողարկվի օպերացիոն համակարգը:
Վահրամ Մարտիրոսյան. - Արդեն թողարկվել է եւ մեր http://www.nurlinux.org/ կայքէջում ներբեռնելու համար տեղադրված է NUR Linux Developer Edition ալֆա-տարբերակը, որն ավելի շատ նախատեսված է ծրագրավորողների, քան ձեռնարկատերերի ու տնային սպառողների համար:
Այս ամիս արդեն լույս կտեսնեն NUR Linux Office (ձեռնարկատերերի համար), NUR Linux Home (տնային սպառողների համար) եւ NUR Linux Education (կրթական հաստատությունների եւ նրանց համար, ովքեր զբաղվում են ինքնակրթությամբ այդ ոլորտում):
- Եթե օպերացիոն համակարգը տարածվելու է անվճար, ո՞րն է լինելու NUR Linux-ի մշակող թիմի շահը:
Վահրամ Մարտիրոսյան. - NUR Linux-ը նախատեսված է սպառողների ամենալայն շրջանակի համար. տուն, ընկերություններ, պետական հիմնարկներ, կրթական հաստատություններ եւ այլն: Եվ սպառողների այդ բոլոր շերտերի համար մենք նախատեսում ենք օգտագործել աշխարհում ընդունված ազատ ծրագրային ապահովման դասական բիզնես-մոդելը: Մասնավորապես, մենք կանցկացնենք վճարովի ուսումնական դասընթացներ, կօգնենք ընկերություններին եւ պետական հաստատություններին ներդնել Linux-ը (այդ թվում կոնկրետ պատվիրատուի համար մասնագիտացված տարբերակները), ինչպես նաեւ կապահովենք մշտական տեխնիկական աջակցություն այդ օպերացիոն համակարգին:
Նոր օպերացիոն համակարգին ձեռնարկությունների անցման տեւողությունը կախված է ընկերության մեծությունից: Փոքր ձեռնարկությունների համար նախապատրաստման եւ Linux-ին անցման գործընթացը կտեւի մեկ ամսից ոչ ավել:
- Ինչպե՞ս է տեղի ունենալու NUR Linux-ի առաջխաղացումը, ո՞ր սեգմենտներն եք համարում թիրախային: Ինչպե՞ս է տեղի ունեցել GNU/Linux-ի տարածումը Ռուսաստանում:
Վլադիմիր Ռուբանով. - Այսօր Հայաստանում Linux-ն ընկալվում է գրեթե նույն կերպ, ինչպես Ռուսաստանում շուրջ 5 տարի առաջ: Սակայն այդ տարիների ընթացքում Ռուսաստանում պատկերը դինամիկ կերպով փոխվել է այդ համակարգի գրեթե բացարձակ անհայտությունից մինչեւ լայն ճանաչում եւ որոշ հատվածներում օգտագործման գերիշխում: Ուրախալի է, որ Linux-ի առաջխաղացման լոկոմոտիվը պետությունն է: Բաց ելակետային կոդով ծրագրային ապահովումն օգտագործվում է տարբեր պետական հաստատություններում, այդ թվում` պաշտպանության նախարարությունում, որտեղ ամենից շատ են գիտակցում փակ ծրագրային կոդով ծրագրային ապահովման անկանխատեսելիությունը, որում հեղինակները կարող են ներմուծել վնասակար «նշաններ» եւ այդպիսով լուրջ սպառնալիքներ ստեղծել ողջ պետության տեղեկատվական անվտանգության համար: Linux-ի եւ բաց կոդով ծրագրային ապահովման առավելություններն իրավամբ գնահատել են նաեւ ՌԴ կրթության եւ գիտության նախարարությունում: Անցկացվել է ռուսաստանյան բոլոր դպրոցներում Linux-ի ներդրման զանգվածային ծրագիր:
Համաշխարհային եւ ռուսաստանյան փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ազատ ծրագրային ապահովման զարգացման համանման սցենար է ակնկալվում նաեւ Հայաստանում: