«Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյան
17:01 | 06.04.10 | Հարցազրույցներ | exclusive 5573
«Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը եւ Itel.am պորտալին
- Մուտք գործելով շուկա` «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերությունը զգալի փոփոխությունների ենթարկեց Հայաստանի հեռահաղորդակցային ոլորտը: Ի՞նչ ճանապարհ է մինչ օրս անցել ընկերությունը եւ որո՞նք են ձեր հիմնական նպատակները:
- Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է դառնալ Հայաստանի մայրուղային (backbone) օպտիկամանրաթելային հիմնական օպերատորներից մեկը: Շուկայի երկարատեւ ուսումնասիրությունից հետո ընկերության բաժնետերերն եկան այն համոզմունքի, որ Հայաստանում, հատկապես մարզերում, չկա հեռահաղորդակցության ծառայությունների բարձրորակ առաջարկ եւ մրցակցություն:
Ինչպես հայտնի է, հանրապետությունում գործում էր մեկ օպերատոր, որն ամբողջ երկրով մեկ ուներ օպտիկամանրաթելային ցանց՝ «Արմենտելը»: Ըստ այդմ, «Ջի-Էն-Սի Ալֆան» իր հիմնական նպատակներից մեկը համարեց ազատականացնել այս ոլորտը, ինչպես նաեւ ելք ապահովել դեպի միջազգային կապուղիներ՝ մեծածախ ինտերնետի ծառայություններն ավելի մատչելի եւ որակյալ դարձնելու համար:
«Ջի-Էն-Սի Ալֆա»-ն իրավաբանական գրանցում է ստացել 2007 թ-ին, իսկ ակտիվ գործունեություն սկսեց ծավալել 2008-ից՝ համագործակցության պայմանագիր կնքելով «ՀայՌուսգազարդի» հետ եւ կառուցելով օպտիկամանրաթելային մալուխ Հայաստան-Իրան գազատարի երկայնքով: Հետագայում մալուխը միացավ Իրանի հեռահաղորդակցության օպերատորին, որի միջոցով մենք ելք ապահովեցինք դեպի արտաքին աշխարհ: Ցանցի այս հատվածը կոմերցիոն շահագործման հանձնվեց 2009թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Հոկտեմբերի 15-ից «Ջի-Էն-Սի Ալֆան» սկսեց մեծածախ ինտերնետի ծառայությունների մատուցումը Հայաստանում եւ 3-4 ամիսների ընթացքում դարձավ շուկայի հիմնական դերակատարներից մեկը:
2009թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարությունը թույլատրեց ընկերությանն օպտիկամանրաթելային մալուխ կառուցել Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ հիմնականում ավտոճանապարհների երկայնքով: Ընկերությունն անմիջապես ձեռնամուխ եղավ դրա կառուցմանը, ինչը տեւեց ընդամենը 4 ամիս: Մի քանի օր առաջ մենք սկսեցինք դեպի Վրաստան ելնող մեր ցանցի շահագործումը:
Այժմ դեպի Վրաստան մենք ունենք երկու ելք, փոխկապակցված ենք 3 վրացական օպերատորների հետ եւ այս պահին փորձարկում ենք Վրաստանի տարածքով միջազգային IP-տարանցումը: Դեպի Վրաստան մեր ելքերի կոմերցիոն շահագործումը բավականին կբարելավի կապի որակը եւ ավելի մատչելի կդարձնի գները:
Ռազմավարական համագործակցություն ծավալելով նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ, մենք սկսեցինք օպտիկամանրաթելային ցանց նախագծել երկաթուղու երկայնքով դեպի Սեւան, Վարդենիս եւ Սոթք, ինչպես նաեւ Արարատի մարզի քաղաքներ:
Այս տարվա ընթացքում նախատեսում ենք մեր ցանցը հասանելի դարձնել Հայաստանի գրեթե բոլոր քաղաքային բնակավայրերում (25-30 քաղաքներում): Մասնավորապես, մոտ օրերս մեր ցանցին կմիացվեն երկրի հյուսիսում գտնվող մոտ 10 քաղաքներ:
Ցանցի հզորությունը կազմում է 10 Գբիթ/վրկ, որը Հայաստանի համար բավականին մեծ թողունակություն է, եւ կարծում ենք` մոտակա 5-6 տարիների ընթացքում այն չի օգտագործվի իր ողջ հզորությամբ: Իսկ եթե պահանջարկը գերազանցի մեր կանխատեսումները, ապա ցանցը հնարավորություն ունի արագ կերպով ընդլայնվելու մինչեւ 20 Գբիթ/վրկ:
Ցանցն ամբողջովին կառուցված է մեր հիմնական մատակարարներ` ամերիկյան Juniper Networks եւ Cisco Systems ընկերությունների գերժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա: Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք կարող են հպարտանալ այսպիսի IP/MPLS ցանցով, մանավանդ` ունենալ համապետական ծածկույթ:
Մեր հաճախորդներն են «Օրանժ Արմենիա»-ն եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, ինչպես նաեւ հանրապետությունում գործող գրեթե բոլոր ինտերնետ-պրովայդերները:
Մենք հանդիսանում ենք նաեւ Հայաստանում հեռահաղորդակցության տարանցման ծառայություն մատուցող հիմնական ընկերությունը: Շուտով նախատեսում ենք մատուցել տարանցման ծառայություններ Հայաստանի տարածքով դեպի Իրան, Միջին Արեւելք եւ ասիական երկրներ:
- ՀՀ կառավարությունը նախատեսում է սեփական կարիքների համար ստեղծել ազգային համացանց: Օգտագործվելու՞ են արդյոք «Ջի-Էն-Սի Ալֆա»-ի ենթակառուցվածքներն այս համացանցի ստեղծման համար:
- Ըստ Ազգային համացանցի մասին պետական ծրագրի, պետական կառավարման բոլոր մարմինների համար կապահովվի միասնական ցանց` էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային ուսուցում եւ այլ ծրագրեր իրականացնելու համար:
«Ջի-Էն-Սի Ալֆա»-ն կառավարությանը նման ցանցային ծառայություններ մատուցելու հիմնական թեկնածուներից է: Այդ ծրագիրը դեռեւս հայեցակարգային փուլում է: Մենք ակտիվորեն ներգրավված ենք այս գործընթացում եւ կարծում ենք, որ ծրագրի հիմնական մասը կիրականացվի մեր ցանցային հնարավորությունների շնորհիվ:
- Ինչպե՞ս ձեզ հաջողվեց կարճ ժամանակահատվածում ձեռք բերել այսքան մեծ քանակությամբ հաճախորդներ, հաշվի առնելով այն, որ շուկայում արդեն գործում էին մեծածախ երկու պրովայդերներ:
- Մեր քաղաքականությունն ի սկզբանե միտված էր դեպի շուկայի ազատականացում: Մենք շատ ճկուն ենք մեր գործընկերների հետ հարաբերություններում: Միջազգային ելքեր ապահովելով բջջային օպերատորների համար` մենք թույլ տվեցինք նրանց ներմուծել օգտագործվող ինտերնետի մի մասը անկախ միջազգային ելքերով` օգտագործելով մեր մալուխը: Այսպիսով, արդեն ոչ միայն «Արմենտել»-ը, «Ֆայբերնետ»-ն ու «Ջի-Էն-Սի Ալֆա»-ն են, որ ինտերնետ են ներմուծում Հայաստան:
Մուտք գործելով շուկա, որտեղ գործում էին երկու հզոր մրցակիցներ, մենք կարողացանք բավականին ճկուն գնային եւ պայմանագրային քաղաքականություն վարել եւ բավարարել շուկայի զգալի մասի պահանջարկը:
- Միջազգային ելք ձեռք բերելիս համագործակցում եք նու՞յն իրանական եւ վրացական օպերատորների հետ, ինչ ձեր մրցակիցները:
- Իրանում այլընտրանք չկա, այնտեղ այս ոլորտում գործում է պետական մենաշնորհ հանդիսացող` Իրանի հեռահաղորդակցության ենթակառուցվածային ընկերությունը, որի հետ ունենք փոխկապակցում թե մենք, թե «Արմենտել»-ը: Հայ-վրացական սահմանին մենք փոխկապակցվում ենք երեք ընկերությունների ցանցերի հետ: Ընդ որում, նույն երեքի հետ էլ փոխկապակցված է նաեւ «Արմենտել»-ը:
- Այդ դեպքում ի՞նչը ձեզ թույլ տվեց առաջարկել ավելի մրցակցային սակագներ: Ընդհանրապես, քանի որ ինտերնետն ինքնին վիրտուալ միջավայր է, շատերի համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու՞ են հենց իրենք` ներմուծողները հայտարարում, որ ինտերնետի գինը կախված է ներմուծման ծավալից եւ ներմուծողների թվից:
- Նախ եւ առաջ, ընկերությունների թվի աճը ստեղծում է առողջ մրցակցային դաշտ, եւ շուկան գրավելու համար նրանք սկսում են ավելի խստորեն բանակցել իրենց օտարերկրյա գործընկերների հետ` փորձելով իջեցնել գներն ու բարելավել որակը:
Մյուս կողմից, ինտերնետի այն ծավալը, որը մենք գնում ենք սահմանին, անմիջականորեն կապված է ինտերնետի միավորի գնի հետ: Որքան մեծանում է գնվող ծավալը, նույնքան նվազում է ամեն միավորի ինքնարժեքը:
Մեր` շուկա մուտք գործելուն պես, գնվող ծավալներն ավելացան 2-2,5 անգամ. նույնքանով արդեն անցած տարվա նոյեմբերին նվազեց գնվող ծավալի ինքնարժեքը: Եթե նախկինում 1 Մբիթ ինտերնետի նվազագույն գինը սահմանին $800-850 էր, մեր մուտքից անմիջապես հետո այն կազմեց $400-450, իսկ հետագայում էլ ավելի նվազեց` մինչեւ $350: Դեպի Վրաստան 2 ելքերի գործարկումը թույլ կտա պահպանել գների նվազման միտումը: Մոտակա ժամանակներս, կարծում եմ, գները նորից կնվազեն 30-40%-ով: Գների նվազման միտումը, կարծում եմ, կպահպանվի մինչեւ տարեվերջ:
- Ինչպե՞ս եք գնահատում մրցակիցների պատասխանը «Ջի-Էն-Սի Ալֆա»-ի մուտքին շուկա:
- Մրցակցությունը բավականին թեժացել է, եւ դա ի նպաստ սպառողների: Շատ կարճ ժամանակահատվածում մենք տեսնում ենք եւ կապուղիների ավելացում, եւ միջազգային ուղիների, այլընտրանքային լուծումների ընդլայնում, տեսնում ենք նաեւ գների զգալի անկում:
- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարել է, որ իրականացնելու է խիստ վերահսկողություն, որպեզսի հեռահաղորդակցության շուկայում բացառվեն դեմփինգային երեւույթներ: Ընդհանրապես, որքանո՞վ է իրատեսական, որ որեւէ հայկական ընկերություն դիմի դեմփինգի այն պարագայում, որ Հայաստանում ինտերնետի գինն ամենաբարձրն է տարածաշրջանում:
- Չի բացառվում, որ որոշ ընկերություններ շուկայում իրենց դիրքերը պահպանելու համար սկսեն վաճառել իրենց ծառայություններն ինքնարժեքից ցածր գնով, որն, ըստ էության, առողջ մրցակցության հատկանիշ չէ: Սակայն չեմ կարծում, որ շուկայում գտնվեն խաղացողներ, որոնք կաշխատեն ի վնաս իրենց: Կարծում եմ, որ բոլորն էլ խելամիտ կգտնվեն եւ կշարունակեն վարել առողջ մրցակցություն:
Ինչ վերաբերում է ինտերնետ-ծառայությունների գներին, ապա այստեղ Հայաստանն արդեն իսկ հավասարվում է տարածաշրջանին` շատ փոքր տարբերությամբ:
- Նախատեսու՞մ եք արդյոք դուրս գալ նաեւ մանրածախ շուկա:
- Հիմնականում կենտրոնանալով ինտերնետ-ծառայությունների մեծածախ շուկայի վրա` մենք, այնուամենայնիվ, պատրաստվում ենք մատուցել խոշոր ընկերություններին վիրտուալ մասնավոր ցանցերի եւ ինտերնետի ծառայություններ: Ունենալով համապետական սփռվածության ցանց՝ ընկերությունը հնարավորություն ունի առաջարկել այս ծառայությունները խոշոր ընկերություններին, բանկերին, որոնք ունեն մասնաճյուղեր հանրապետության տարբեր հատվածներում: Այս նոր ծառայության մատուցումը մենք նախատեսում ենք սկսել ապրիլի կեսից:
- Առաջնային հասանելիություն ունենալով ինտերնետին` դուք չե՞ք ունենալու ավելի բարենպաստ մրցակցային դիրք այլ պրովայդերների նկատմամբ:
- Չեմ կարծում: Կան ընկերություններ, որոնք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում են ավելի մատչելի ծառայություններ, քան մենք: Դա պայմանավորված է պրովայդերների ներքին ծախսերով, կոնկրետ մոտեցմամբ եւ այլն:
Մենք այնպիսի պայմաններ ենք առաջարկում ինտերնետ-ծառայություններ մատուցողներին, որ իրենք հնարավորություն ունենան նույն կամ միգուցե ավելի լավ պայմաններով առաջարկել նույն ծառայությունները մեր հաճախորդներին: Մենք չենք հավակնում գերիշխող դիրքի:
- Բացառու՞մ եք ինտերնետի շուկայի որեւէ սեգմենտներից մեկում գերիշխող դառնալու հավանականությունը:
- Չեմ բացառում: Ըստ մեր օրենսդրության, եթե տնտեսվարողը մի ապրանքային շուկայում տիրապետում է այդ շուկայի 1/3-ին (իսկ ես կարծում եմ, մենք շուտով կանցնենք այդ շեմը), այն ճանաչվում է գերիշխող: Դա ինձ չի վախեցնում, քանի որ ինքնին գերիշխող ճանաչվելը խախտում չէ, այլ մի կարգավիճակ, որով, ըստ օրենքի, չի կարելի չարաշահել, իսկ մենք հարգում ենք օրենքի տառը: