13:29 | 04.11.10 | Նորություններ | 3507

Orange Armenia-ն ներկայացրել է 4G ցանցի հնարավորությունները

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունը այսօր ներկայացրել է 4G ցանցի տեխնոլոգիաները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, միջոցառումը նվիրված է եղել Հայաստանում Orange-ի գործունեության տարեդարձին:

Ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի խոսքերով, կարճաժամկետ հեռանկարում Orange Armenia-ն մտադիր չէ Հայաստանում կառուցել LTE (4G) ցանց, քանի որ վերջերս ընկերությունը ներդրել է 3G+ ցանցը, որը բավարարում է բաժանորդների պահանջները: «Սակայն մենք պատրաստ ենք անցնել հաջորդ փուլին, եթե դրա համար ստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները»,- ասել է Բրունո Դյութուան: Նա ընդգծել է, որ շնորհանդեսը միայն հաստատում է նորարարական առաջարկների շուկայում առաջատարը լինելու ընկերության նպատակը եւ հանդիսանում է Orange EXPO նորագույն տեխնոլոգիաների ցուցահանդեսի շարունակությունը:

4G ցանցի, որի արագությունը հասնում է 160 Մբիտ/վ (dowload) եւ 50 Մբիտ/վ-ի (upload), շնորհանդեսը կազմակերպվել է Nokia Siemens Networks (NSN) ընկերության հետ համատեղ: NSN Armenia-ի գլխավոր տնօրեն Մուրադ Վարձելյանի խոսքերով, ընկերությունը առաջատարի դիրք է զբաղեցնում LTE կամ 4G տեխնոլոգիաների ներդրման ոլորտում եւ ուրախ է համագործակցել Orange Armenia ընկերության հետ:

4G ցանցի դեմո-տարբերակին կարելի է ծանոթանալ Orange Armenia-ի գլխավոր գրասենյակում նոյեմբերի 4-ին եւ 5-ին: