Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը
16:24 | 27.10.10 | Նորություններ | 4265
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում արձանագրություն է ստորագրվել ՏՏ ոլորտի վերաբերյալ ճյուղային վիճակագրության (վարչական ռեգիստրի) վարման գործընթացի կայացմանը նպաստող համագործակցության մասին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, արձանագրության ստորագրման արարողությանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Հայաստանի ՏՏ-ընկերությունների միության տնօրեն (UITE) Կարեն Վարդանյանը, Էլեկտրոնային բովանդակության ասոցիացիայի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Եռաչափ մոդելավորողների հայաստանյան միության նախագահ Գուրգեն Պարոնյանը:
Ինչպես նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, տվյալ արձանագրության շրջանակներում էլեկտրոնային ռեգիստրի զարգացմանը զուգընթաց Ազգային վիճակագրական ծառայությունը կդադարի տեղեկատվության հավաքագրումը ՏՏ ոլորտում, իսկ ռեգիստրը կդառնա երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների տվյալների միասնական բազա: Նրա խոսքերով, դա թույլ կտա ժամանակին արձագանքել տվյալ ոլորտի խնդիրներին եւ ճիշտ ձեւակերպել զարգացման քաղաքականությունը:
Ներսես Երիցյանը նշել է, որ համապատասխան համակարգչային ծրագիրը ստեղծվել է մեկ տարի առաջ եւ թեստավորվել է այդ ընթացքում: Այսօրվա դրությամբ արդեն 40 ՏՏ-ընկերություններ համապատասխան տեղեկատվություն են տրամադրել ռեգիստրին: