14:40 | 19.10.10 | Նորություններ | 4183

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «Նաիրի Ինշուրանսի» ԱՊՊԱ գծով ապահովագրական գործակալն է

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը հանդես է գալիս որպես «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ` ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության /ԱՊՊԱ/ գծով ապահովագրական գործակալ:

Ինչպես Մեդիամաքս գործակալության հետ հարցազրույցում ասել է «Նաիրի Ինշուրանսի» գործադիր տնօրեն Գոռ Խաչատրյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համագործակցությունը թույլ կտա ապահովել ԱՊՊԱ պոլիսների վաճառքի աշխարհագրական լայն ծածկույթ ՀՀ գրեթե ողջ տարածքում:

«Նաիրի Ինշուրանսի» ապահովագրական գործակալների թվում են նաեւ «Պրես Ստենդը» մամուլի տարածման իր կետերի միջոցով, ինչպես նաեւ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման շուրջ 15 կենտրոններ, որոնցից 6-ը Երեւանում, մնացածը` մարզերում:

Գոռ Խաչատրյանի խոսքերով, գործակալային ցանցի ձեւավորման ընթացքում ընկերությունն առաջնորդվել է երկու հիմնական սկզբունքով` ապահովագրական գործակալների արհեստավարժություն եւ առավելագույն աշխարհագրական ծածկույթի ապահովում: Նախապատրաստական փուլում ապահովագրական գործակալները մասնակցել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կազմակերպված թրեյնինգներին:

Ինչ վերաբերում է վաճառքի սեփական կետերին, ապա բացի ընկերության գլխավոր գրասենյակից, ԱՊՊԱ ապահովագրական պոլիսներ կարելի է ձեռք բերել Վանաձորի մասնաճյուղում, ինչպես նաեւ «Նաիրի Ինշուրանսի» ներկայացուցչություններում Կապանում, Հրազդանում, Գյումրիում, շուտով նաեւ Արտաշատում: