14:31 | 15.10.10 | Նորություններ | 3207
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանի Հյուսիսային պողոտայում տեղակայված` Orange Armenia-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակում մեկնարկել է Orange Labs-ի նորարարական ապրանքների եւ ծառայությունների ցուցադրությունը:
Ինչպես ցուցահանդեսի բացմանը նշել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ցուցադրությունը վկայում է այն մասին, որ Orange Armenia-ն հավատարիմ է «նորարար լինելու իր խոստմանը»:
Նրա խոսքերով, ցուցահանդեսին ներկայացված են France Telecom-ի Orange Labs տեխնոկենտրոնի ամենատպավորիչ նորարարական մշակումները: Բրունո Դյութուան նշել է, որ Orange-ի նորագույն առաջարկները «կոչված են բաժանորդների կյանքը դարձնել ավելի գունեղ եւ հարմարավետ»:
Orange Armenia ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը հայտնել է, որ այդ ցուցահանդեսն առաջինն է, որը կազմակերպվում է Տեխնոկենտրոնի պատերից դուրս, եւ ներկայացված ապրանքներն ու ծառայությունները ապագայի չափանիշներ են:
«Մեր նոր կարգախոսը` «Ապագան այսօր», վկայում է այն մասին, որ մենք այժմ կանգնած ենք ներկայի եւ ապագայի սահմանագծին եւ կշարունակենք ապագայի նոր հնարավորություններ բացել մեր հաճախորդների համար»,- ասել է Արամ Մկրտչյանը: