«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
11:26 | 12.10.10 | Նորություններ | 3641
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) Ericsson-ի հետ պայմանագիր է կնքել իր ենթակառուցվածքի ընդլայնման մասին` լայնաշերտ հասանելիության ծառայությունների մատուցման նպատակով:
Համաձայնագրի պայմաններով Ericsson-ը հանդես կգա նաեւ լայնաշերտ հասանելիության հիման վրա համակցված ծառայությունների ներդրման համար լուծման մատակարար, այսօր Մեդիամաքս-ին հայտնել են «Արմենտել»-ի մամուլի ծառայությունում:
«ԱրմենՏել»-ը արդեն ապահովել է գերարագ ինտերնետ ավելի քան 50 000 բնակարանում, եւ ցանցի ընդլայնումն ընկերությանը թույլ կտա պահպանել աճի դինամիկ տեմպերը եւ առաջարկել ինտերնետ-հասանելիության ծառայություններ ավելի մեծ թվով բաժանորդների: Ընկերությունը լայնաշերտ հասանելիության ցանցերի ներդրումը դիտարկում է որպես մալուխային կապի ծառայությունների շուկայում զարգացման առանցքային առաջնահերթությունների մեկը:
«Ericsson-ի DSLAM լուծման (MSAN EDA 2530) հիման վրա ցանցային ենթակառուցվածքի ընդլայնման շնորհիվ ՀՀ բնակիչները կարող են լիարժեքորեն զգալ գերարագ հասանելիության առավելությունները եւ ցանցում օգտվել տեղեկատվական, ժամանցային կամ կրթական ծառայությունների լայն տեսականուց: Տվյալների բեռնման արագությունը կարող է հասնել 20-30 Մբիտ/վ-ի, ինչը թույլ կտա արագ եւ հարմարավետ մտնել համացանց: Ericsson-ի` ցանցում առկա IMS լուծման շնորհիվ ընկերությունը կարող է բաժանորդներին առաջարկել համակցված ծառայություններ` գրավիչ սակագնային փաթեթներում միավորելով թե ֆիքսված, թե բջջային կապի ծառայությունները»,- ասել են «ԱրմենՏել»-ում:
«Մեր ընկերությունը, երկար տարիներ հանդես գալով որպես կապի ժամանակակից ծառայությունների ուղեկից բնակչության եւ բիզնեսի համար, հաջողությամբ պահպանում է խոշորագույն դերակատարի իր դիրքերը հեռահաղորդակցությունների շուկայում: Ինտերնետի լայնաշերտ հասանելիությունը եւ կապի համակցված ծառայությունները վերջին տարիներին դարձել են ժամանակակից հասարակության կյանքի անբաժանելի մասնիկը, եւ մենք ուրախ ենք նշել, որ Beeline-ը, գործակցելով Ericsson-ի հետ, դարձել է ՀՀ հեռահաղորդակցային արդյունաբերության զարգացման խորհրդանիշը»,- ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: