13:57 | 05.08.10 | Նորություններ | 4520

    Ucom-ի բաժանորդները կարող են ձեռք բերել Toshiba նոութբուքներ ապառիկ պայմաններով

    Երեւան/Մեդիամաքս/. Մեկնարկում են Toshiba նոութբուքների առաջին պաշտոնական ներկրումները Հայաստան, այսօր Երեւանում հայտարարել է ԱՊՀ եւ Բալթյան երկրներում Toshiba-Europe ընկերության գլխավոր տարածաշրջանային մենեջեր Իգոր Սնիտկոն:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այսօր Իգոր Սնիտկոն տեղեկացրել է, որ Ucom ինտերնետ-պրովայդերը հանդիսանում է Հայաստանում Toshiba-ի ավտորիզացված գործընկերը:   

    Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը տեղեկացրել է, որ այցելելով Ucom-ի սպասարկման կետեր` ընկերության բոլոր բաժանորդները կարող են 2 տարի ժամկետով ապառիկ եղանակով ձեռք բերել Toshiba նոութբուքեր:

    “Նոութբուքերի վաճառքը կսկսի մեկ շաբաթից: Սկզբնական շրջանում ներկայացված կլինեն 2 մոդելներ AMD եւ Intel Core i3 պրոցեսորներով, իսկ հետագաում մոդելների տեսականին կընդլայնվի”, - ասել է Հայկ Եսայանը` նշելով, որ AMD պրոցեսորով նոութբուքի համար ապառիկի մարման ամսական վճարը կկազմի 11.500 դրամ, իսկ Itel Core i3-ի դեպքում` 16 500 դրամ:

    Հայկ Եսայանը նաեւ ասել է, որ հետագայում Ucom-ը մտադիր է իր բաժանորդներին առաջարկել ոչ միայն նոութբուքեր, այլ նաեւ ստացիոնար համակարգիչներ եւ HDTV համակարգով հեռսւստացույցներ: