10:07 | 21.06.10 | Նորություններ | 2971

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը պահպանել իր եկամուտները` չնայած սակագների իջեցմանը

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը գերազանցել է իր բյուջեով սահմանված առեւտրային եւ եկամտային բոլոր ցուցանիշները, որոնք նախատեսել էր ՄՏՍ-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին ասել է ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդմանը տված հարցազրույցում:
 
«Ընկերության ֆինանսական արդյունքներին Ճշգրիտ գնահատականներ տալու համար պետք է ամեն եռամսյակ համեմատվի նախորդ տարվա նույն եռամսյակի հետ, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել սեզոնայնության գործոնը»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը` մեկնաբանելով մամուլի հրապարակումները բջջային օպերատորների գործունեության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:

«Եթե մենք համեմատենք այս տարվա առաջին եռամսյակը նախորդ տարվա նույն եռամսյակի հետ, ապա կտեսնենք, որ այս տարի մենք կորուստ չենք ունեցել: Մեր բաժանորդների թիվն ավելացել է, օգտագործված րոպեների քանակն ավելացել է`170-ից հասնելով 220-ի: Մեկ բաժանորդին բաժին ընկնող միջին եկամուտը (ARPU) 2900-ից դարձել է մոտ 2800»,- ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի տնօրենը:

ARPU-ի նվազումը Ռալֆ Յիրիկյանը բնական է համարել` այն պայմանավորելով մրցակցությամբ:

«Երբ սակագինը վերանայվում է, դա նշանակում է, որ մենք եկամուտ ենք կորցնում: Բայց եթե մենք 2010թ. առաջին եռամսյակի մեր եկամուտները` 17.8 միլիարդ դրամ, համեմատենք նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ, ապա կտեսնենք, որ մենք եկամուտ չենք կորցրել, այլ պահպանել ենք մեր եկամուտները, որը կրկին կազմում է 17.8 միլիարդ է», -ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Ըստ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրենի, ընկերությունը կարողացել է դիմակայել թեժ մրցակցությանը եւ պահպանել իր եկամուտները` չնայած սակագների միջին հաշվով շուրջ 30%-ով իջեցմանը` համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ: