14:24 | 17.06.10 | Նորություններ | 3129

Կառավարությունը հաստատել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի զարգացման ծրագիրը եւ կհատկացնի 575 մլն դրամ

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը հաստատել է Ա.Ալիխանյանի անվ. Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի երկարաժամկետ զարգացման ծրագիրը:

Ինչպես այսօր հայտնել է ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը, ծրագրով նախատեսվում է գիտական ու տեխնիկական ենթակառուցվածքների բարելավում եւ արդիականացում, ուսումնական կենտրոնների ու գիտատեխնիկական լաբորատորիայի ստեղծում: Փաստաթուղթը նախանշում է ինստիտուտի գիտական հետազոտությունների առաջնահերթ ուղղությունները:

Աշոտ Չիլինգարյանը նշել է, որ ԽՍՀՄ-ի անկումից հետո հայկական ֆիզիկան մնաց առանց ուշադրության ու ֆինանսական աջակցության, եւ առկա բոլոր տեխնոլոգիաները հնացան: «Սակայն երկրում կա գիտական մեծ ներուժ, որը որոշակի բարեփոխումների դեպքում կարող է ՀՀ գիտությունը դուրս բերել միջազգային մակարդակի»,- ասել է ինստիտուտի տնօրենը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդգծել է ծրագրի կարեւորությունը եւ նշել է, որ Ֆիզիկայի ինստիտուտը ձեռք է բերել արտասահմանյան գործընկերներ, որոնք ծանոթ են նրա հնարավորություններին եւ կմասնակցեն համատեղ միջազգային նախագծերին:

Ծրագրի ֆինանսավորման ծավալը պետբյուջեի միջոցներից կկազմի 575,6 մլն դրամ: