15:08 | 06.05.10 | Նորություններ | 2927

Կառավարությունը հաստատել է Candle միջազգային կենտրոնի նախագիծը

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է սինխրոտրոն ճառագայթման արագացուցիչի հիման վրա Candle միջազգային կենտրոնի ստեղծման ծրագրի նախագիծը:

Ինչպես նիստում հայտնել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, այդ որոշմամբ պետությունը հայտարարում է գիտական նախագծին իր մասնակցության մասին` բոլոր ծախսերի 25%-ի չափով: Նրա խոսքերով, կառավարության ֆինանսական մասնակցությունը թույլ կտա ներգրավել արտասահմանյան կապիտալ Հայաստանում գիտական խոշոր նախագծի իրականացման համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Candle միջազգային կենտրոնի ստեղծումն առաջին օրինակն է, երբ հայ գիտնականների նախաձեռնությունը վերաճել է մասնավոր հատվածի ու պետության համագործակցության:

«Գիտական նախագծին պետության բաժնեմասային մասնակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա արտասահմանյան ներդրումների ներգրավման համար»,- ասել է կառավարության ղեկավարը: