16:30 | 26.04.10 | Նորություններ | 3298

    ՀՀ նախագահը պատրաստ է լուծել երիտասարդ գիտնականներին բնակարանով ապահովելու խնդիրը

    Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ «մեր առաջնահերթ խնդիրը գիտությունը կրթության եւ տնտեսության հետ սերտ շաղկապելն է»: 

    Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, նախագահն այդ մասին ասել է այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի /ԳԱԱ/ անդամների եւ Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:

    Նախագահը նախանշել է Հայաստանում գիտությունը եւ կրթությունը զարգացնելու երեք առանցքային ուղիներ.

    «Առաջին ճանապարհը, որով մենք պետք է շարժվենք, առկա ուսումնական եւ գիտական հաստատությունների վերակազմավորումն ու ավելի արդյունավետ օգտագործումն է: Երկրորդ ճանապարհը նոր տիպի ուսումնական եւ գիտական հաստատությունների ստեղծումն է, ինչպիսին է, օրինակ, Տավուշի ժամանակակից ինտերնատ- դպրոցը, որտեղ ուսուցումը լինելու է օտար լեզվով եւ կիրառվելու են ուսման բնագավառում ամենաժամանակակից ձեռքբերումները: Երրորդ ճանապարհը մեր ուսանողներին եւ երիտասարդ գիտնականներին աշխարհի լավագույն ուսումնական ու գիտական հաստատություններում կրթվելու, փորձ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելն է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

    Նա տեղեկացրել է, որ այս տարի բազմապատկվելու են հայ ուսանողների ուսումն արտերկրյա առաջատար բուհերում ֆինանսավորող «Լույս» հիմնադրամի միջոցները:

    Անդրադառնալով գիտնականների սոցիալական խնդիրներին` Սերժ Սարգսյանն ասել է. «Գիտեմ, որ երիտասարդ գիտնականներին բնակարաններով ապահովելու խնդիր կա, եւ մենք պատրաստ ենք շատ լուրջ ներդրում կատարել այդ գործում»:

    «Սակայն այդ աջակցությունը պետք է ստանան միայն ու միայն այն երիտասարդ գիտնականները, ովքեր գիտության մեջ իսկապես խորանալու մտադրություն ունեն, ոչ թե նրանք, ովքեր ասպիրանտուրան ավարտելուց հետո մի քանի ամիս աշխատում են ինչ-որ գիտական հաստատությունում, ապա գնում են այլ ուղղությամբ»,- ընդգծել է ՀՀ նախագահը: