10:36 | 20.04.10 | Նորություններ | 4199
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ողջունում է ինտերնետ-թրաֆիկի փոխանակման հիմնադրամի ստեղծումը եւ պատրաստ է համագործակցել ARMIX-ի հետ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` պատասխանելով www.Itel.am կայքում իր բլոգի այցելուների հարցերին:
«Լինելով բջջային ինտերնետ տրամադրող օպերատոր` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ինտերնետ մատակարարող կազմակերպությունների հետ ինտերնետ-թրաֆիկի փոխանակում հաստատել էր ARMIX-ի նախաձեռնությունից շատ առաջ: Վերջերս նաեւ համապատասխան որոշում ընդունվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, համաձայն որի, ցանկացած ինտերնետ մատակարար պարտավոր է միացում ապահովել ինտերնետային ծառայություններ մատուցող այլ օպերատորների հետ` առաջարկի դեպքում»,- նկատել է Ռալֆ Յիրիկյանը:
«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն եւս մեկնաբանել է ինտերնետ-թրաֆիկի փոխանակման խնդիրները www.Itel.am պորտալում:
«Կենտրոնի ստեղծման գաղափարը վերջերս եւ ոչ մեկ անգամ բարձրաձայնվել է իմ կողմից ինտերնետի շուկայի մասնակիցների հետ անձնական հանդիպումների եւ հարցազրույցների ընթացքում: Թրաֆիկի փոխանակման հարցում «ԱրմենՏել»-ը միշտ կողմ է եղել խնդրի ունիվերսալ կարգավորմանը, որն արդեն առկա է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լոկալ թրաֆիկի փոխանակման կարգի հաստատման մասին որոշման ընդունմամբ: Այդ հարցի կարգավորման անհրաժեշտությունը չէր առաջանա, եթե որոշ օպերատորներ պիրինգային միացումների սահմանափակումները չօգտագործեին որպես մրցակցության առարկա: Հիմա, երբ հարցը լուծված է կարգավորչի միջամտությամբ, «ԱրմենՏել»-ի, ինչպես եւ նախաձեռնությանը չմասնակցող այլ օպերատորների միացումը (իսկ դրան չեն մասնակցում բազմաթիվ խոշոր օպերատորներ) բացառապես առեւտրային շահի խնդիր է: Ցավոք, «ԱրմենՏել» ընկերությունը ներգրավված չի եղել գործընթացում հիմնադրամի ձեւավորման փուլում եւ ընդգրկված չէ դրա հիմնադիրների թվում: Ավելին, մենք չենք կարող մասնակցել հիմնադրամի ստեղծումն ազդարարող հրապարակային արարողությանը որպես հրավիրյալ հանդիսատես: Սակայն, հաշվի առնելով խնդրի խորությունն ու բարդությունը` մենք բաց ենք առաջարկների համար»,- ասել է Իգոր Կլիմկոն: