U!Com ընկերության տնօրեն Հայկ Եսայանը
14:21 | 09.04.10 | Նորություններ | 4772
Երեւան/Մեդիամաքս/. U!Com-ն առաջարկում է անսահմանափակ լայնաշերտ ինտերնետի ծառայություն 1 Մբթ/վրկ թողունակությամբ` ամսական 8000 դրամով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ընկերության տնօրեն Հայկ Եսայանը եւ վաճառքի մենեջեր Արամ Բարսեղյանը այսօր հայտնել են, որ վաճառքները սկսելով 2009թ. դեկտեմբերին` ընկերությանը հաջողվել է մի քանի ամսվա ընթացքում 8 անգամ ավելացնել իր ցանցի թողունակությունն ու մասնավոր եւ կորպորատիվ բաժանորդներին առաջարկել «ամենամատչելի սակագները հայաստանյան շուկայում»:
Ընկերությունն առաջարկում է 4 անսահմանափակ սակագնային պլաններ (1 Մբթ/վրկ` 8000 դրամ, 1,5 Մբթ/վրկ` 12 000 դրամ, 2,5 Մբթ/վրկ` 20 000 դրամ եւ 4 Մբթ/վրկ` 37 000 դրամ):
U!Com-ի սակագները վաղվանից կտեղադրվեն ընկերության կայքում` www.ucom.am:
Հայկ Եսայանը տեղեկացրել է, որ IP-հեռուստատեսության ծառայությունը սկսել է մատուցվել ապրիլի 1-ից, իսկ առաջիկա 2-3 ամիսներին կսկսվի մատուցվել նաեւ IP-հեռախոսակապի ծառայությունը: Ընկերության տնօրենը նշել է, որ միանալով IP-հեռուստատեսության ծառայությանը` բաժանորդը հնարավորություն կունենա դիտել բարձր որակի 31, 51 կամ 76 ալիքներ (ներառյալ 10 հայկական)` ամսական, համապատասխանաբար, 3900, 5900 եւ 8500 դրամ արժեքով: Ընկերությունն առաջարկում է նաեւ «տեսանյութ պատվերով» ծառայությունը (Video on demand):
Հայկ Եսայանն ասել է, որ ներկայումս ընկերությունն իր ծառայությունները մատուցում է Երեւանի Կենտրոն համայնքի ողջ տարածքում, որտեղ արդեն ունի շուրջ 1500 բաժանորդներ:
«Մայիսի սկզբից ընկերության ծառայությունները կսկսեն մատուցվել Դավթաշեն համայնքում, 4-5 ամսվա ընթացքում` Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում: Մինչեւ 2011թ. կեսը մենք մտադիր ենք մեր ցանցը տարածել ողջ Երեւանում եւ դուրս գալ նրա սահմաններից»,- ասել է Հայկ Եսայանը:
Նա նշել է նաեւ, որ U!Com-ը բաժանորդներին չի պարտավորեցնում կնքել ծառայությունների մատուցման մեկ տարվա պայմանագիր:
«Գին/որակ հարաբերակցությամբ մենք գերազանցել ենք Ադրբեջանի պրովայդերների կողմից մատուցվող ծառայությունները, սակայն դեռեւս չենք հասել Վրաստանին, որտեղ 1 Մբթ/վրկ անսահմանափակ թողունակության գինը կազմում է շուրջ 4000 դրամ»,- ասել է Հայկ Եսայանը:
Կորպորատիվ հատվածին U!Com-ի մատուցած ծառայությունների արժեքը տատանվում է 15-ից 780 հազար դրամի սահմաններում եւ ներառում է ծառայությունների լայն տեսականի, այդ թվում նաեւ` ինտերնետ, IP-հեռուստատեսություն եւ հեռախոսակապ, հոսթինգ, դոմեյն անվան գրանցում, տվյալների պահում եւ հաղորդում, համատեղակայման ծառայություններ եւ այլն:
U!Com-ի վաճառքի գծով մենեջեր Արամ Բարսեղյանը նշել է, որ ընկերությունը կորպորատիվ հատվածին առաջարկում է ընկերության ծառայություններից ժամանակավորապես օգտվել անվճար` կատարված ընտրության մեջ համոզվելու նպատակով:
U!Com-ը ինտերնետ է գնում GNC-Alfa եւ Fibernet մեծածախ պրովայդերներից: