15:08 | 07.04.10 | Նորություններ | 4016

ՀՀ բջջային կապի ակտիվ բաժանորդների թիվը կազմում է 3 մլն

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ երկրի հեռահաղորդակցային շուկայի ազատականացումից հետո կտրուկ աճել է բջջային կապի բաժանորդների թիվը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Մանուկ Վարդանյանն այդ մասին ասել է ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության հարցերին նվիրված կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն:

Նախարարի խոսքերով, ներկայումս ՀՀ բջջային կապի ակտիվ բաժանորդների թիվը կազմում է 3 մլն: Մանուկ Վարդանյանը նշել է նաեւ, որ բջջային կապին զուգահեռ` ակտիվ զարգանում է նաեւ ֆիքսված կապը, շարունակվում է անալոգային հեռախոսակայանների թվայնացման գործընթացը:

Հեռահաղորդակցային գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ 2008թ. համեմատ ինտերնետ-կապից օգտվողների թիվն ավելացել է 6 անգամ եւ կազմում է 1,2 մլն: «Չնայած կտրուկ ցատկին, հասարակությունը դժգոհ է ինտերնետի սակագներից ու արագությունից, սակայն երկրի ղեկավարությունն աշխատանքներ է տանում ոլորտի կատարելագործման ուղղությամբ»,- ասել է նախարարը:

ITU գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն ասել է, որ բջջային կապի թափանցելիության մակարդակով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը: Նրա խոսքերով, երկրում ապահովված է բջջային կապի ծածկույթի հարյուր տոկոսանոց խտություն: «Այս փուլում առկա է լայնաշերտ ինտերնետի եւ կիբերանվտանգության ապահովման խնդիրը»,- նշել է Համադուն Տուրեն:

Նրա խոսքերով, ներկայումս հեռահաղորդակցային հանրության հիմնական խնդիրը մինչեւ 2015 թվականը թվային հեռարձակման անցնելն է, եւ ITU-ն կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանը ետ չմնա միության անդամ-երկրներից:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է ՀՀ հեռահաղորդակցային ոլորտի զարգացման դինամիկան: Նրա խոսքերով, ներկայումս երկրի ղեկավարությունն աշխատում է հարյուր տոկոսանոց ինտերնետ-ծածկույթի ապահովման, քաղաքացիների էլեկտրոնային գրագիտության բարձրացման եւ այլ ուղղություններով: