16:23 | 05.03.10 | Նորություններ | 3357

2011թ.-ից ՀՀ-ում կներդրվեն բիոմետրիկ անձնագրեր եւ ID-քարտեր

Երեւան/Մեդիամաքս/. 2011թ.-ից Հայաստանում կներդրվեն բիոմետրիկ անձնագրեր եւ ID-քարտեր

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը:

Նրա խոսքերով, ID-քարտերն ունենալու են ներքին առաքելություն եւ պարունակելու են անձնական տվյալների անկետայի տեղեկատվությունը, ինչպես նաեւ ցուցամատերի մատնահետքերը:

Նորայր Մուրադխանյանն ասել է, որ Հայաստանի այն քաղաքացիները, ում անձնագրերը վավերական են մինչեւ 2020թ., փաստաթղթերի տեսակի ազատ ընտրության հնարավորություն կունենան, իսկ 16 տարեկան քաղաքացիներին հաջորդ տարվանից պարտադիր կարգով կտրվեն բիոմետրիկ անձնագրեր եւ ID-քարտեր: Նրա խոսքերով, բիոմետրիկ քարտերի ներդրումը Եվրոպայի Խորհրդի նկատմամբ պարտավորություններից մեկն է:

“Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ” ԲԲԸ տնօրեն Արթուր Ղուլյանը նշել է, որ ID-քարտերը երկրի քաղաքացիներին թույլ կտան էլեկտրոնային ծառայություններ ստանալ առողջապահության եւ հարկերի ոլորտում: Բացի այդ, նույնականացման քարտերը կարող են նաեւ ծառայել որպես վարորդական իրավունք, ասել է Արթուր Ղուլյանը:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը տեղեկացրել է, որ Հայաստանն ուսումնասիրել է Էստոնիայի փորձը, որը 10 տարվա ընթացքում կիրառում է բիոմետրիկ անձնագրեր եւ ID-քարտեր: