14:04 | 22.02.10 | Նորություններ | 3353

ՀՀ ինտերնետ-ծառայությունների սակագները 2008թ համեմատ կրճատվել են երկու անգամ

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում ինտերնետային ծառայությունների սակագները 2008թ համեմատ կրկնակի կրճատվել են:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ անդամ Սամվել Արաբաջյանը: Նրա խոսքերով, առաջիկայում, հաշվի առնելով սպառողների մշտական աճը, կրկին սպասվում է ինտերնետային ծառայությունների սակագների նվազեցում:

Սամվել Արաբաջյանն ընդգծել է, որ 2005թ. ինտերնետ հասանելիության ուղիների թողունակությունը կազմում էր 18 Մբիտ, իսկ 2009թ. վերջում` 3670 Մբիտ: Նա հույս է հայտնել, որ զարգացման ներկայիս տեմպերի պարագայում 2010թ. արդյունքներով թողունակությունը կկազմի 6.5-7 Գբիտ:

Արաբաջյանը ներկայացրել է նաեւ ինտերնետային ծառայությունների բաժանորդային բազայի տվյալները` նշելով, որ ներկայումս հաշվարկվում է լայնաշերտ ինտերնետի 70-75 հազար սպառող, մինչդեռ 2008թ. այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 10 հազար: Միաժամանակ, նրա խոսքերով, կրճատվել է dial-up ինտերնետի բաժանորդների թիվը, որը 65 հազարից /2008թ./ դարձել է 40-45 հազար /2009թ./:

Խոսելով գյուղական վայրերում ինտերնետի հասանելիության մասին` ՀԾԿՀ անդամը նշել է, որ նախատեսվում է ստեղծել Ունիվերսալ ծառայությունների հիմնադրամ, որը կզբաղվի նման ծրագրերի ֆինանսավորմամբ: Նա ընդգծել է, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ կատարվել է մի քանի երկրների փորձի հետազոտություն, ավարտվել են Հայաստանի մասով կազմակերպչական աշխատանքները, եւ առաջիկայում հիմնադրամը կսկսի գործել: