15:39 | 30.11.09 | Նորություններ | 3776

Դեկտեմբերի 2-ին Երեւանում կկայանա վենչուրային կոնֆերանս

Երեւան /Մեդիամաքս/. Դեկտեմբերի 2-ին Երեւանում կկայանա Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային կոնֆերանսը: 

Կոնֆերանսի շրջանակներում 14 ընկերություններ կներկայացնեն իրենց նախագծերը, որոնցից հինգը կստանան $15 հազարի դրամական մրցանակներ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը այսօր ասել է, որ վենչուրային կոնֆերանսը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ, եւ ամեն տարի հաղթող ընկերությունների թիվն ու մրցանակների քանակն ավելանում է: 2007 թվականին 3 նախագծեր ստացել էին յուրաքանչյուրը $1 հազար, 2008 թվականին 4 նախագծեր` $7.5 հազար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը այսօր հայտնել է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանում կսկսի գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ֆինանսավորման վենչուրային հիմնադրամը:

ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ բանակցություններ է վարում Sitronics ռուսաստանյան ընկերության հետ: Ակնկալվում է, որ հիմնադրամի մեկնարկային կապիտալը կկազմի շուրջ  $40 մլն, իսկ ՀՀ կառավարության մասնակցությունը կլինի 10-15%-ի սահմաններում: Քննարկվում է նաեւ Համաշխարհային բանկի միջոցների ներգրավման հնարավորությունը: