11:08 | 30.11.09 | Նորություններ | 3654

Ճանապարհային ոստիկանության տուգանքները կարելի է վճարել Telcell տերմինալների միջոցով

Երեւան /Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգն այսօր հայտարարել է նոր ծառայության գործարկման մասին. Ճանապարհային ոստիկանության տուգանքներն այսուհետ կարելի է վճարել Telcell ինքնասպասարկման տերմինալների միջոցով: 

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում, Telcell տերմինալների միջոցով տուգանքի վճարման գործընթացի տեւողությունը 1-2 րոպե է: Telcell-ի առաջարկի մյուս առավելությունն այն է, որ չի պահանջվում վճարման փաստի լրացուցիչ հաստատում (անդորրագրի ներկայացում Ճանապարհային ոստիկանություն):

Համակարգի ինտերֆեյսը պարզ է, հարմար եւ հասկանալի ցանկացած սպառողի համար: Տուգանքի վճարումից հետո վճարողի բջջային հեռախոսահամարի վրա ուղարկվում է SMS հաստատում:

Փաստորեն, Ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումը դառնում է նույնքան պարզ, որքան բջջային կապի ծառայությունների վճարումը. այժմ դա կարելի է անել օրվա ցանկացած ժամին, Telcell համակարգի վճարումների ընդունման ավելի քան 300 կետերից յուրաքանչյուրում: