13:54 | 26.10.09 | Նորություններ | 3104

Երեւանում ընթանում է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» սեմինարը

Երեւան /Մեդիամաքս/. Էկոլոգիական թեմատիկային նվիրված «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» սեմինարը մեկնարկել է այսօր Երեւանում` VivaCell-MTS ընկերության աջակցությամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, սեմինարի ընթացքում, որն ավարտվելու է հոկտեմբերի 28-ին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտի միջազգային փորձագետները ՀՀ գործարար շրջանակներին կներկայացնեն երկրի էկոլոգիական բարելավմանը նրանց մասնակցության կարեւորությունը:

Սեմինարը վարում են Ռոտերդամի կառավարման դպրոցի եւ Էրազմուս համալսարանի դոկտոր պրոֆեսոր Թոյնիս Վիլեմ Հարդյոնոն, Վասիլի Աբուզովը Ուկրաինայից եւ Գերմանիայի Բերթելսման հիմնադրամի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծի ղեկավար Աննա Փիթերսը:

Սեմինարն անցնում է «Արեւորդի» փառատոնի շրջանակներում եւ կազմակերպվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից` ՄԱԿ-ի Global Compact Armenia, ինչպես նաեւ GTZ (Գերմանական տեխնիկական աջակցություն) ծրագրերի հետ համագործակցությամբ: