12:08 | 21.10.09 | Նորություններ | 5124
Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է Oracle Day սեմինարը:
Ինչպես հայտնել է Oracle-ի Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների զարգացման դեպարտամենտի տնօրեն Բոբ Հրոխը, ընկերությունն արտադրում է ավելի քան 3 հազ. ապրանքատեսակ, իսկ Հայաստանում շեշտը հիմնականում դնելու է բանկային եւ ֆինանսական ոլորտների լուծումների վրա:
Ինչպես նշել է Oracle-ի ԱՊՀ երկրներում վաճառքի գծով տնօրեն Սերգեյ Լանովենկոն, «Հայաստանը մշտապես եղել է տեխնոլոգիական կենտրոն, եւ դա ակնհայտ է ըստ ՏՏ ոլորտում առկա առաջատար նախագծերի»:
Նա ընդգծել է, որ Oracle-ը Հայաստանում արդեն աշխատում է Կենտրոնական բանկի հետ, որի հետ կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Սերգեյ Լանովենկոն շեշտել է, որ «մենք շահագրգռված ենք նաեւ համագործակցելու հեռահաղորդակցային բնագավառի հետ, որը թափ է հավաքում»:
Softline (Հայաստանում Oracle-ի գործընկերը) ընկերության տնօրեն Արմեն Կարապետյանի խոսքերով, Oracle-ի լուծումները կարող են նպաստել ՀՀ ֆինանսական հատվածի արդյունավետության եւ անվտանգության բարձրացմանը: Նա նկատել է, որ հայաստանյան որոշ բանկեր արդեն օգտագործում են Oracle-ի արտադրանքը: