22:54 | 10.10.09 | Հարցազրույցներ | 5381

IP-հեռուստատեսության ծառայությունը կմատուցվի Երեւանում նոյեմբերի կեսերից

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Itel.am պորտալին

- Digitec Expo-ում Ucom ընկերության տաղավարում տեղեկացանք, որ ընկերություն սկսում է IP-հեռուստատեսության փորձարկումները Երեւանի փոքր կենտրոնում: Ե՞րբ է Ucom-ը սկսելու տրամադրել իր ծառայությունները Երեւանի կենտրոնում եւ մյուս համայնքներում:

- Այո, այժմ Երեւանի փոքր կենտրոնում մենք փորձարկում ենք մեր ծառայությունները եւ նախատեսում ենք նոյեմբերի կեսերից դրանք հասանելի դարձնել բնակչությանը: Միասնական փաթեթով IP-հեռուստատեսություն, ինտերնետ կապ եւ ֆիքսված հեռախոսակապ նոյեմբերից կարող են ստանալ Երեւանի Կենտրոն համայնքի բոլոր բնակիչները:

Արդեն ավարտվել է Երեւանի կենտրոնում մեր ենթակառուցվածքի ներդրման աշխատանքների հիմնական մասը: Ենթակառուցվածքը հիմնված է Ericsson-ի կողմից տրամադրվող օպտիկամանրաթելային հասանելիության ամենաժամանակակից գիգաբիտային պասիվ օպտիկական ցանցի (Gigabit Passive Optical Network – GPON) տեխնոլոգիայի վրա:

Նախատեսում ենք մինչեւ 2010թ. վերջը տրամադրել մեր ծառայությունները Երեւանի ամբողջ տարածքում: Ընկերության նպատակներից է նաեւ տարածել IP-հեռուստատեսության ծառայությունը նաեւ հանրապետության մյուս քաղաքներում, սակայն այդ մասին հնարավոր կլինի խոսել հաջորդ տարվա ապրիլից, երբ մենք կունենանք անհրաժեշտ շուկայական հետազոտությունների արդյունքները եւ կհասկանանք, թե ի՞նչ ծավալի ներդրումներ են պահանջվում այդ նպատակն իրագործելու համար:

- Ինչո՞վ է առաջնորդվում Ucom-ն իր ցանցը կառուցելիս:

- Մենք Երեւանում անցկացրել ենք շուկայական հետազոտություն, որը ցույց  տվեց, որ IPTV-ի պահանջարկը մայրաքաղաքում բավականին մեծ է: Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ բարձր հստակությամբ հեռուստատեսություն (HDTV) դիտում է երեւանցիների ընդամենը 5%-ը:

- Քանի՞ հայկական ու միջազգային հեռուսաալիք դիտելու հնարավորություն է ստանում ձեր բաժանորդն ու ինչպիսի՞ առավելություններ ունի նա` մալուխային հեռուստատեսության բաժանորդների նկատմամբ:

- IP հեռուստատեսության բաժանորդները հնարավորություն կունենան դիտել շուրջ 80 բարձր վարկանիշ ունեցող ալիքներ, այդ թվում` 10 հայկական ալիք:  Մալուխայինհեռուստատեսային ծառայություններն առաջարկում են միայն որոշակի հեռուստաալիքների դիտում: Ucom-ն առաջարկում է մի շարք ունիկալ ծառայություններ` ներառյալ ֆիլմերի օնլայն տեսավարձույթ, ցանկացած ալիքի դիտումը ժամանակավորապես դադար տալու /pause/, ընթացիկ հաղորդումը սկզբից դիտելու եւ այլ գրավիչ հնարավորություններ:

- Ինչպիսի՞ սակագնային պլաններ են նախատեսվում:

- Ծառայությունների մանրամասն սակագնային պլանները հրապարակված կլինեն, երբ ծառայությունները հասանելի լինեն բաժանորդագրման համար: Ընհանուր առմամբ, պատկերը հետեւյալն է. մենք տրամադրելու ենք ինչպես ծառայությունների  միասնական փաթեթ, որը կընդգրկի IPTV, ֆիքսված հեռախոսակապ եւ ինտերնետ, այնպես էլ առանձին փաթեթներ:

Առանձին IPTV-ի եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների ամսական միասնական սակագինը կազմելու է 8500 դրամ, ինտերնետ կապի սակագինը սկսվելու է 8000 դրամից: Այն դեպքում, եթե բաժանորդը ցանկանա օգտվել մեր ծառայությունների ամբողջական փաթեթից, միացման վճարը կսկսվի 15 000 դրամից, իսկ ամսական սակագներում կգործի զեղչ: Որեւէ առանձին ծառայությունից օգտվելու դեպքում միացման վճարը կլինի ավելի բարձր:

Առանձին սակագներ կգործեն նաեւ “Վիդեո պատվերով” (Video on demand) ծառայության համար, երբ հաճախորդն ինքն է պատվիրում եւ դիտում իր նախընտրած ֆիլմը:

- Ucom-ը հիմնադրման օրվանից զբաղվել է WiMAX տեխնոլոգիայով ինտերնետ-կապի մատակարարմամբ: Շարունակելու՞ է արդյոք ընկերությունը այս տեխնոլոգիայով ծառայությունների մատուցումը, թե լիովին անցնելու է GPON տեխնոլոգիայի: 

- Այո, հիմնադրվելով 2007 թվականին, Ucom ընկերությունը մատուցում էր WiMAX տեխնոլոգիայով ինտերնետ ծառայություններ առավելապես կորպորատիվ հաճախորդներին: Այժմ մենք գրեթե լիովին անցնում ենք GPON տեխնոլոգիային, իսկ մեր WiMAX ենթակառուցվածքը ավելի շատ կրելու է օժանդակ դեր` ինտերնետ մատուցելիս:

- Ինչպե՞ս հաջողվեց Ucom-ին, որը երիտասարդ հայկական ընկերություն է, համագործակցություն ծավալել Ericsson-ի պես կորպորացիայի հետ:

- Ericsson-ի հետ համատեղ նախագծի իրականացումը եւ նոր ծառայությունների մատուցումը մոտ մեկ տարի տեւած բանակցությունների արդյունք է, որոնց ընթացքում մեզ հաջողվեց ցույց տալ շվեդական ընկերության մենեջերներին, որ Հայաստանյան շուկայում գոյություն ունի նման ծառայությունների բավականին մեծ պահանջարկ եւ մենք կարող ենք պատշաճ կերպով ներկայացնել եւ մատուցել Հայաստանում Ericsson-ի լուծումները:

Հատկանշական է այն, որ Ericsson ընկերության այս լուծումը, երբ միասնական լուծմամբ GPON տեխնոլոգիայով տրամադրվում է IP-հեռուստատեսություն, ֆիքսված հեռախոսակապ եւ ինտերնետ, առաջինն է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում:

Հայաստանից հետո նման լուծումներ Ericsson-ը սկսել է ներդնել Չինաստանում, իսկ այժմ արդեն` Վրաստանում: