15:16 | 30.09.09 | Նորություններ | 3351

Beeline-ը Հայաստանում կընդլայնի եւ կարդիականացնի 3G ցանցը

Երեւան /Մեդիամաքս/. 3G ցանցի Հայաստանում գործելու մեկ տարվա ընթացքում Beeline-ի ցանցում տվյալների փոխանցման ծավալները ավելացել են 4.5 անգամ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են ՙԱրմենՏել՚ ընկերության մամուլի ծառայությունում, սեպտեմբերի 26-ին լրացավ Հայաստանում երրորդ սերնդի բջջային ցանցի` 3G Beeline-ի առեւտրային շահագործման հանձնման մեկ տարին: Ցանցի կառուցումն ու սարքավորումների մատակարարումը IP Multimedia Subsystem (IMS) որոշման հիման վրա իրականացրել էր Ericsson ընկերությունը:

3G-ի զարգացումը թույլ է տվել զգալիորեն բարելավել տվյալների փոխանցման արդեն գործող ծառայությունների որակն ու հարմարավետությունը. բաժանորդները ստանում են մուլտիմեդիա քոնթենթի ներբեռնման բարձր արագություն, ավելանում է էլեկտրոնային փոստի, խաղերի եւ ֆայլային ներդիրների հետ աշխատելու հարմարավետությունը: Ներկայումս 3G ցանցում կատարվում է Հայաստանում Beeline բջջային ցանցի ամբողջ թրաֆիքի 70 տոկոսի փոխանցումը:

“Տվյալների փոխանցման պահանջարկը օրեցօր աճում է, եւ մոտ ապագայում մենք մտադիր ենք էականորեն ընդլայնել եւ արդիականացնել առկա 3G ցանցը, ինչը թույլ կտա զգալիորեն ավելացնել տվյալների փոխանցման արագությունը”,- ասել է ՙԱրմենՏել՚ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: