16:35 | 25.09.09 | Նորություններ | 3045

«ԱրմենՏելի» ղեկավարը կոչ է անում չվատթարացնել ներդրումային միջավայրը

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` մտահոգություն հայտնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի /ՏՄՊՊՀ/ որոշման վերաբերյալ, ըստ որի «ԱրմենՏելը» գերիշխող է ճանաչվել տվյալների փոխանցման միջազգային տարանցման շուկայում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Իգոր Կլիմկոն ասել է, որ «ԱրմենՏելի» մտահոգության հիմնական պատճառն այն է, որ ՏՄՊՊՀ-ի որոշումը հաջորդում է նույն հարցի վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ որոշմանը` տարբերվելով վերջինից միայն չափանիշներով ու մեթոդաբանությամբ:

Իգոր Կլիմկոն նշել է, որ 1 ԳԲիթ մեծածախ ինտերնետի գինը պրովայդերների համար ներկայումս կազմում է $662-ից $934, մինչդեռ իր հայտարարություններում ՏՄՊՊՀ-ը հիմնվել է ոչ ճիշտ տվյալների վրա եւ նշել է մինչեւ 1.5 անգամ մեծ գումարներ:

Մենկաբանելով հանձնաժողովի հայտարարությունը ինտերների վերավաճառքի արդյունքում ստացվող 50%-անոց շահութաբերության մասին, ՙԱրմենՏելի՚ մամլո քարտուղար Անուշ Բեղլոյանը տեղեկացրել է, որ շահութաբերությունը իրականում կազմում է մոտ 20%, իսկ ՏՄՊՊՀ-ն իր հայտարարություններում հաշվի չի առնում ընկերության ծախերը ինտերնետի տարանցման ինքնարժեքում:

«ԱրմենՏելի» ղեկավարը հույս հայտնեց, որ պետական կարգավորող մարմինները կհանգեն միմյանց եւ շուկայի մասնակիցների հետ համագործակցության միասնական ու տրամաբանական տարբերակի:

«Տարբեր չափանիշներով կայացրած երկու որոշումների առկայության պարագայում երկրի ներդրումային միջավայրում առաջանում է անորոշություն եւ անկանխատեսելիություն, ինչը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ ներկա եւ ապագա օտարերկրյա ներդրողների համար», - ասել է Իգոր Կլիմկոն, նշելով, որ հեռահաղորդակցությունների ոլորտում «ԱրմենՏելը» 2007-2009 թթ. ներդրել է ավելի քան $180 մլն: