15:15 | 16.09.09 | Նորություններ | 3694

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ “Կասպերսկու լաբորատորիան” հուշագիր են ստորագրել

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ “Կասպերսկու լաբորատորիան” այսօր Երեւանում ստորագրել են “Անվտանգ Հայաստան” փոխըմբռնման հուշագիր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Ինչպես հայտնել է “Կասպերսկու լաբորատորիա”-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, կողմերը կմիավորեն ջանքերը կառուցվածքային լուծումների կազմակերպման ոլորտում` Հայաստանի պետական մարմինների եւ ուսումնական հաստատությունների տեղեկատվական տեխնոլոգիաների հակավիրուսային պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Նրա խոսքերով, ՀՀ կառավարությունն իր առջեւ դրել է ողջ երկրի համակարգչային հագեցման եւ ինտերնետի մասսայականացման “հավակնոտ խնդիրը”, եւ ստորագրված հուշագիրը կնպաստի նաեւ տեղեկատվական անվտանգության ոլորտի վերաբերյալ գիտելիքների մասսայականացմանը:

Եվգենի Կասպերսկին հայտնել է, որ համաձայնագիրը նախատեսում է նաեւ “Կասպերսկու լաբորատորիա”-ի ակտիվ մասնակցությունը միջին, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ որակավորման բարձրացման կենտրոնների եւ դասախոսների ու պետական ծառայողների վերապատրաստման համար կրթական ծրագրեր կազմակերպելու եւ անցկացնելու գործին: 

Սեպտեմբերի 17-ին Երեւանում “Կասպերսկու լաբորատորիայի” կողմից կկազմակերպվի “Հակավիրուսային անվտանգության օր” երեւանյան բուհերի տեխնիկական ֆակուլտետների ուսանողների համար: “Հակավիրուսային անվտանգության օրը” կանցնի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում` Եվգենի Կասպերսկու մասնակցությամբ:

Այսօր Եվգենի Կասպերսկուն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: