14:37 | 07.09.09 | Նորություններ | 4358
Երեւան /Մեդիամաքս/. Գյումրիի տեխնոպարկի առաջին հնարավորությունները կներկայացվեն Digitec Expo 2009 ամենամյա ցուցահանդեսում, որը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 2-4-ը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր ասել է, որ ցուցահանդեսում կներկայացվի Երեւանի եւ Գյումրիի միջեւ հեռակա բուժսպասարկումը: Digitec Expo 2009 ցուցասրահում ներկա կլինեն բժիշկներ, որոնց օն-լայն ռեժիմով կցուցադրվի Գյումրիում գտնվող հաճախորդի սոնոգրաֆիան:
Ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ նորաստեղծ ընկերություններ, որոնք կցուցադրեն իրենց նախագծերը ֆինանսավորում ներգրավելու ակնկալիքով, ինչպես նաեւ պետական կառույցներ, որոնք կներկայացնեն իրենց ձեռքբերումներն էլեկտրոնային կառավարման ներդրման ոլորտում:
Ցուցահանդեսի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք սեմինարներ եւ ArmRobotics առաջնությունը:
Ucom ինտերնետային պրովայդերի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտնել է, որ ցուցահանդեսում կներկայացվեն IP-հեռուստատեսության հնարավորությունները, որը տարածաշրջանում առաջինը ներկայացնում է Ucom ընկերությունը` Ericsson-ի հետ համագործակցությամբ: