15:58 | 20.08.09 | Նորություններ | 3794

Հարձակումներից պաշտպանված լինելու համար անհրաժեշտ է մասնագետների անընդհատ վերավորակավորում

«Արմինկո»-ի տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանի հարցազրույցը ՄԵդիամաքս-ին եւ Itel.am պորտալին

- Վերջերս հաճախակի են դարձել հաքերական հարձակումները «Արմինկո»-ի սերվերներում տեղակայված կայքերի վրա: Ինչպե՞ս է է դա հաջողվում հաքերներին:

- Տարբեր դեպքերում օգտագործվում են տարբեր տեխնոլոգիաներ: Հիմնականում դա արվում է գաղտնաբառերի բացահայտման միջոցով, ինչպես նաեւ «լրտեսական» ծրագրերի օգտագործմամբ: Դրանք վիրուսներ չեն, տարածվում են հիմնականում էլեկտրոնային փոստի միջոցով եւ չեն բացահայտվում առանց համապատասխան հակալրտեսային ծրագրերի օգտագործման:

Հաքերները կարող են հասանելիություն ստանալ նաեւ կայքերի տվյալների բազաներին` օգտագործելով կայքի ծրագրային ապահովման մշակման ընթացքում առկա խոցելի տեղերը, նույն եղանակով կարող են մուտք գործել նաեւ կայքի փոստային ծրագիր: Ժամանակ առ ժամանակ կայքերում հայտնաբերվում են խոցելի կողմեր, որոնք հաքերները հասցնում են օգտագերծել մինչեւ համապատասխան «հակաթույնի» մշակումը:

Հարձակվողները կարող են օգտագործել նաեւ տեղակայման ծառայություն (հոսթինգ) մատուցող ընկերությունների համակարգերի առանձնահատկությունները, մարդկային գործոնը եւ այլն:

- Կայքերն ավելի պաշտպանված դարձնելու համար «Արմինկոն» վերջերս փոխեց իր մոտ տեղակայված կայքերի ծածկագրերը` դարձնելով դրանք ավելի բարդ, սակայն դա, կարծես, չօգնեց: Ի՞նչ քայլեր եք կատարելու ձեզ մոտ տեղակայված կայքերն ավելի պաշտպանված դարձնելու համար:

- Թույլ տվեք չհամաձայնվել. բարդ գաղտնաբառերի օգտագործումը բավական արդյունավետ միջոց է, որը տվել է իր դրական արդյունքները: Այդուհանդերձ, այն միջոցներից մեկն է միայն եւ լիարժեք անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում, առաջին հերթին` մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում:

Կայքի անվտանգությունը գործընթաց է եւ ոչ թե միանվագ մի քայլ: Անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքում օգտագործել բոլոր միջոցները տեղեկատվության չարտոնված արտահոսքի կանխման համար` օգտագործելով հակավիրուսային եւ հակալրտեսային ծրագրեր, հետեւելով ֆլեշ-հիշողության օգտագործման կանոններին եւ այլն:

- Քանի՞ հայկական ռեսուրս է տեղակայված «Արմինկո»-ի սերվերներում եւ հայկական կայքերի ընդհանուր քանակի ո՞ր մասն են դրանք կազմում:

- «Արմինկո»-ի սերվերների վրա տեղակայված է մոտ 1000 կայք: Հայկական .am տիրությում գրանցված են 11 000 դոմենային անվանումներ, որոնց զգալի մասը գործում է եւ ունի հայկական ուղղվածություն: Այլ երկրների դոմենային տիրույթներում եւս տեղադրված են մի շարք հայկական բովանդակության կայքեր, որոնց թվի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան:

Այսպիսով, կարելի է ասել, որ «Արմինկոյի» սերվերների վրա տեղակայված են  հայկական բովանդակությամբ կայքերի մոտ 5%-ը:

- Վերջերս Դուք խորհուրդ տվեցիք կայքերի սեփականատերերին բարդացնել ծածկագրերը: Բացի ծածկագրերի փոփոխությունից, ի՞նչպես նաեւ կարող է բարձրացվել հայկական կայքերի անվտանգությունը: Եվ, մասնավորապես, ի՞նչ է անում այդ ուղղությամբ «Արմինկոն», որպես հոսթինգ տրամադրող ընկերություն:

- Խնդրի լավագույն լուծումը տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու անձնակազմի անընդհատ վերավորակավորումն է:  Մեր ընկերության մասնագետները պարբերաբար հանձնում են առցանց քննություններ «ՎՈՒԵ» և «Պրոմետրիկ» ընկերությունների կողմից տրամադրվող քննական ծառայությունների միջոցով: