09:13 | 18.08.09 | Նորություններ | 5086

Orange-ը «կդառնա Հայաստանի ամենանորարար օպերատորը»

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ն «կդառնա Հայաստանի ամենանորարար օպերատորը» ինչպես ինտերնետի, այնպես էլ ձայնային ծառայությունների ոլորտում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին «Գոլոս Արմենիի» թերթի հետ հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մեր խնդիրը Հայաստանի ողջ տարածքում որակյալ կապ տրամադրելն է: Չհաշված լիցենզիայի վճարը, Orange Armenia-ն 2009թ. ընթացքում Հայաստանում կներդնի $80 մլն: Ներկայումս ընկերությունը ձեւավորման փուլում է եւ նախատեսում է աշնանը ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքներն ու սկսել ծառայություններ մատուցել», - ասել է ընկերության ղեկավարը:

Պատասխանելով ճգնաժամի հնարավոր ազդեցության մասին հարցին` Orange Armenia-ի գլխավոր տնօրենն ասել է.

«Երբ մենք նախատեսում էին մտնել հայաստանյան շուկա, ճգնաժամ դեռեւս չկար: Եվ առայժմ այն ոչ մի կերպ չի ազդել մեր ծրագրերի վրա: Orange Armenia-ն աշխատանքի է ընդունում այնքան մարդ, որքան նախատեսվում էր ճգնաժամից առաջ: Բայց եթե ֆինանսատնտեսական ճգնաժամը եւս որոշ ժամանակ շարունակվի, այն, իհարկե, կշտկի մեր ծրագրերը: Հուսով եմ, որ ճգնաժամը շուտով կավարտվի»: