11:06 | 12.08.09 | Նորություններ | 2905
Երեւան /Մեդիամաքս/. VivaCell-MTS բջջային օպերատորի գործառնական եկամուտը 2009թ. երկրորդ եռամսյակում կազմել է $9.2 մլն` առաջին եռամսյակի համեմատ աճելով $1.8 մլն-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` $5.4 մլն-ով:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով երկրորդ եռամսյակում ՄՏՍ-ի գործառնական ցուցանիշները, VivaCell-MTS-ը շարունակում է վնասով աշխատել: Ընկերության վնասն այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 2 մլրդ 912.9 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1289.1%-ով, իսկ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ` 23.1%-ով:
Այս տարվա երկրորդ եռամսյակում VivaCell-MTS-ի հասույթը կազմել է 19 մլրդ 534.1 մլն դրամ` 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3.4%-ով: 2009թ. առաջին եռամսյակի համեմատ ընկերության հասույթն աճել է 9.5%-ով:
Մեկ բաժանորդից VivaCell-MTS-ի ստացած միջին ամսական եկամուտն (ARPU) այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 3169.2 դրամ` 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 1162 դրամով:
Երկրորդ եռամսյակի վերջում շուկայում VivaCell-MTS-ի մասնաբաժինը պահպանվել է 81%-ի մակարդակում: