17:53 | 17.07.09 | Նորություններ | 3652
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ սկսնակ IT ընկերությունները վենչուրային ֆինանսավորման եւ հարկային արտոնությունների կարիք ունեն:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ հարցերը բարձրացվել են այսօր Երեւանում կայացած Start-up ֆորումում, որը կազմակերպվել էր ՀՀ IT ձեռնարկությունների միության (UITE) կողմից: Սկսնակ IT ընկերությունների ներկայացուցիչները թվել են ընկերությունների գրանցման գործընթացի բարդությունները եւ UITE-ին դիմել են ընկերություններին հաշվապահական հաշվառում վարելու գործում իրենց օգնելու խնդրանքով:
Ֆորումում նշվել է նաեւ, որ IT ընկերությունների հիմնադիրները հաճախ հանդիսանում են տեխնիկական կրթություն ունեցող երիտասարդները, ովքեր չունեն փորձ եւ կառավարման անհրաժեշտ հմտություններ: Այդ համատեքստում ընդգծվել է տեխնիկական բուհերի ուսումնական ծրագրերում մենեջմենթի դասընթացներ մտցնելու անհրաժեշտությունը:
UITE-ի նախագահ Հովհաննես Ավոյանը նշել է Հայաստանում նոր ընկերություններ հիմնելու ավանդույթի կայացման եւ նոր ու համարձակ գաղափարների առաջխաղացման կարեւորությունը:
«Գլխավորը հասարակության մեջ հոգեբանական մթնոլորտն է: Ամբողջ աշխարհում սկսնակ IT ընկերությունների 80%-ը հաջողության չի հասնում, եւ հասարակությունը պետք է սովորի նորմալ վերաբերվել դրան», - ասել է նա: