12:46 | 17.07.09 | Նորություններ | 3872

Հնդկաստանը Երեւան կուղարկի Param սուպեր համակարգիչը

Երեւան /Մեդիամաքս/. Առաջատար հաշվիչ տեխնիկայի զարգացման հնդկական կենտրոնը (C-DAC) եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը պայմանագիր են ստորագրել Երեւանում հնդկահայկական «Գերազանցության կենտրոն» ստեղծելու մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով The Times of India թերթը, կենտրոնում տեղադրվելու է Param սուպերհամակարգիչը` հաշվիչ հիդրոդինամիկայի, բիոինֆորմատիկայի, եղանակի կանխատեսման եւ էվոլյուցիոն հաշվարկման ոլորտներում հետազոտությունների անցկացման նպատակով: Կենտրոնը հաշվարկված է լինելու տարեկան 1000 IT մասնագետների ուսուցման համար եւ նպաստելու է IT ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացմանը ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՊՀ-ում:

«Գերազանցության կենտրոնն» ունենալու է ժամանակակից դատա-կենտրոն` սուպերհամակարգչային հաշվարկների ենթակառուցվածքով (High-Performance Computing), բարձր տեխնոլոգիական համակարգչային լաբորատորիաներ եւ լսարաններ, էլեկտրոնային ուսուցման եւ վիդեոկոնֆերանսների համար պայմաններ, ինչպես նաեւ հարուստ գրադարան:

C-DAC-ը Հնդկաստանի կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի գիտական կենտրոնն է եւ զբաղվում է հետազոտություններով ու մշակումներով ծրագրային ապահովման տեխնոլոգիաների ոլորտում: