14:08 | 06.07.09 | Նորություններ | 3917

Տարածաշրջանում ինտերնետի ամենաբարձր գինը Հայաստանում է

Երեւան /Մեդիամաքս/. Երկիշխանությունը մեծածախ ինտերնետի շուկայում հանգեցրեց նրան, որ Հայաստանում ինտերնետի թափանցելիության մակարդակը տարածաշրջանում ամենացածրն է, իսկ գինը` ամենաբարձրը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին ասվում է ՀՀ հեռահաղորդակցային ոլորտի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հեռահաղորդակցության վարչության գործունեության մասին` Կրթությամբ զարգացման ակադեմիայի (Academy for Educational Development – AED) հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ-ի Զարգացման միջազգային գործակալության (USAID) զեկույցում:

Զեկույցը ներկայացվել է հուլիսի 4-5-ին Դիլիջանում կայացած ՀՀ ՏՏ առաջնորդների ֆորումում:

Զեկույցի համաձայն, Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության 5.8%-ը, մինչդեռ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմում է 12.7%, Վրաստանում` 8.9%, Իրանում` 34.9%, իսկ Թուրքիայում` 36.9%:

ADSL տեխնոլոգիայով վայրկյանում 1 մեգաբիտ արագությամբ անսահմանափակ ինտերնետի ամսավճարը Հայաստանում կազմում է $80, Վրաստանում` $10, Ադրբեջանում` $40, իսկ Թուրքիայում` $28:

Զեկույցի հեղինակներն առաջարկում են, որպեսզի սակագները կարգավորի ՀԾԿՀ-ն` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի /ՏՄՊՊՀ/ հետ համատեղ:

«Բացի այդ, պրովայդերները պետք է հնարավորություն ստանան վարձակալել «ԱրմենՏելի» ռեսուրսները ինքնարժեքով հիմնավորված գներով եւ այդպիսով կազմակերպեն իրենց ելքը դեպի միջազգային կապուղիներ», - նշվում է զեկույցում: 

Զեկույցի հեղինակները մատնանշում են նաեւ այն, որ ՀԾԿՀ-ի կիրառած պատժամիջոցները կախված չեն օպերատորների եկամուտներից եւ խախտումների շտկման ժամկետներից` խորհուրդ տալով կատարել օրենսդրական փոփոխություններ, որպեսզի տուգանված լինելու վտանգը ետ կանգնեցնի օպերատորներին հաճախակի եւ շարունակական խախտումներից:

Զեկույցում նշվում է,որ օպերատորների եւ պրովայդերների միջեւ վեճերը պարբերական բնույթ են կրում եւ հաճախ մնում են չլուծված: Արդյունքում ՀԾԿՀ-ի կողմից շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտություն է առաջանում` արբիտրաժային վեճերի կարգավորման ընթացակարգերի մշակման նպատակով:

Զեկույցի հեղինակները մատնանշում են նաեւ Հայաստանում բջջային հեռախոսահամարի փոխանցման (Mobile number portability - MNP) գործառույթի  ներդրման անհրաժեշտությունը եւ ՀԾԿՀ-ին առաջարկում են սկսել քննարկումներ MNP ներդրման ժամկետների վերաբերյալ: