15:47 | 25.06.09 | Նորություններ | 3879

7 պետական մարմիններ ամբողջությամբ անցել են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգին

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ 7 պետական մարմիններ ամբողջությամբ անցել են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգին, այսօր Երեւանում ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Դավիթ Սարգսյանն այդ մասին ասել է` ներկայացնելով “Պետական հատվածի բարեփոխումների առաջին ծրագրի” շրջանակներում ստեղծված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը պետական կառույցներում, որն իրականացվում է ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից` Համաշխարհային բանկի հետ համատեղ եւ նրա միջոցներով:

Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգին անցել են կառավարության աշխատակազմը, ֆինանսների, էկոնոմիկայի, սփյուռքի, տարածքային կառավարման եւ արտաքին գործերի նախարարությունները, ինչպես նաեւ Կոտայքի մարզպետարանը: Մինչեւ տարեվերջ համակարգին կմիացվեն 28 պետական մարմիններ, այդ թվում` 10 մարզպետարաններ եւ 17 նախարարություններ:

Բացատրելով համակարգի աշխատանքի սկզբունքը` կառավարության աշխատակազմի ղեկավարն ասել է, որ համակարգում ներառված ողջ փոստը պատճենավորվում է արագ սքաներներներով եւ ուղարկվում է սերվերների վրա, իսկ օրիգինալ փաստաթուղթը ուղարկվում է արխիվ:

“Որպեսզի գերատեսչությունների միջեւ շրջանառվող փաստաթղթերն իրավաբանական ուժ ունենան, ստեղծվել է էլեկտրոնային ստորագրության հավաստագրված կենտրոն”,- ասել է Դավիթ Սարգսյանը: Նա նշել է, որ համակարգը մատչելի է աշխարհի ցանկացած կետում: Համակարգի միջոցով կարելի է վերահսկել, թե ինչպես եւ որքան ժամանակ է այս կամ այն փաստաթղթերը դիտվում տարբեր գերատեսչությունների աշխատակիցների կողմից:

ՀՀ պետական հատվածում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը ներդնելու եւ այն ուսուցանելու նպատակով ՀԲ վարկավորման ընդհանուր ծավալը կազմել է $500 հազ.: Համակարգը ներդրվել է անգլիական ընկերության կողմից, որը հաղթել է ՀՀ կառավարության հայտարարած մրցույթում: Դավիթ Սարգսյանի խոսքերով, համանման համակարգ է գործում նաեւ Մեծ Բրիտանիայի պետական հատվածում:

Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ Եվրոպական Միության աջակցությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման աշխատանքներ են տարվում նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ինչի շնորհիվ հարկատուները հնարավորություն կստանան իրենց հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: