11:00 | 19.05.09 | Նորություններ | 3907
Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի ամերիկյան համալսարանի /ՀԱՀ/ Tech Squad թիմը հաղթել է Microsoft-ի Imagine Cup-2009 միջազգային ուսանողական մրցույթի ազգային փուլում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀԱՀ-ի թիմը ստացել է $1500-ի չափով դրամական մրցանակ եւ Հայաստանը միջազգային մրցույթի հուլիսին Եգիպտոսում կայանալիք եզրափակչում ներկայացնելու իրավունք:
Imagine Cup-2009-ի թեման է` “Պատկերացրու աշխարհը, որում IT-ները կարող են օգնել անհետաձգելի հարցերի լուծմանը”: Tech Squad-ը ներկայացրել է Greendose նախագիծը` ծրագիր, որն օգնում է կանխարգելել որոշ հիվանդություններ, որոնք առաջանում են համակարգչից երկար ժամանակ օգտվելու արդյունքում:
“Նման մրցույթներն օգնում են երիտասարդների մոտ զարգացնել նորարարական մտածողություն, տեխնիկական եւ ձեռնարկատիրական հմտություններ: Մենք հաճույքով աջակցեցինք այդ մրցույթին, քանի որ ուսանողները Հայաստանի ապագան են”,- ասել է “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: “ԱրմենՏելը” Imagine Cup-2009 մրցույթի ազգային փուլի գլխավոր հովանավորն է:
Imagine Cup-ի ազգային փուլի մյուս հովանավորներն են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ՀՀ մրցունակ մասնավոր հատվածը (CAPS) ծրագիրը, “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը, Synopsys Armenia, UniComp եւ Dom Daniel ընկերությունները: