Bloomberg-ը հրապարակել է նոր հոդված Հայաստանի հաշվողական ենթակառուցվածների վերաբերյալ, նշելով որ Հայաստանը կարող է վերածվել ամերիկյան AI ենթակառուցվածքի խոշոր կենտրոններից մեկը։
Հոդվածի առանցքում Հրազդանում կառուցվող Firebird ընկերության տվյալների կենտրոնն է։ Ընկերությունն օգոստոսին սկսել է կենտրոնի աշխատանքը, իսկ մինչեւ հաջորդ տարվա վերջ նախատեսվում է դրա հզորությունը հասցնել 300 ՄՎտ-ի եւ ավելի քան 70 000 NVIDIA չիպի։ Firebird-ի գնահատմամբ՝ այն կարող է դառնալ տարածաշրջանի խոշորագույն հաշվարկային կլաստերը եւ ընդգրկվել Եվրոպայի խոշորագույնների շարքում։
Նշվում է, որ կենտրոնի հաշվարկային հզորության շուրջ 20%-ը նախատեսված է Հայաստանի ներքին օգտագործման համար՝ տեղական հետազոտությունների, պետական համակարգի եւ ստարտափների կարիքները սպասարկելու նպատակով։ Մնացած հզորությունը նախատեսվում է տրամադրել արտասահմանյան ընկերություններին, այդ թվում՝ ամերիկյան Perplexity AI-ին։
Bloomberg-ի հոդվածում առանձնացվում է նաեւ նախագծի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Ըստ բանակցություններին ծանոթ աղբյուրների՝ NVIDIA-ի առաջադեմ չիպերի արտահանման թույլտվությունները դերակատարություն են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԱՄՆ միջնորդությամբ խաղաղության գործընթացում։ Այսպիսով, AI ենթակառուցվածքը հայտնվել է նաեւ ավելի լայն տնտեսական եւ դիվանագիտական օրակարգի կենտրոնում։
Հայաստանի եւ NVIDIA-ի համագործակցությունը, սակայն, սկսվել է դրանից շատ ավելի վաղ։ Bloomberg-ը հիշեցնում է, որ Հայաստանի եւ NVIDIA-ի շփումները սկսվել են 2019-ին, իսկ ընկերությունը Հայաստանում ներկայություն է հաստատել 2022-ին։ 2024-ին Հայաստանն արդեն ստացել էր NVIDIA-ի 64 H100 չիպերի արտահանման թույլտվություն՝ տարածաշրջանում այդ ժամանակ խոշորագույն սուպերհամակարգիչներից մեկի համար։
Bloomberg-ն այս զարգացումները դիտարկում է նաեւ Հայաստանի տեխնոլոգիական դիրքավորման ավելի լայն համատեքստում։ Ըստ պարբերականի՝ Հայաստանը փորձում է օգտագործել իր ինժեներական ներուժը, տեխնոլոգիական էկոհամակարգը եւ աշխարհագրական դիրքը՝ դառնալու AI հաշվարկային ենթակառուցվածքի եւ տարածաշրջանային տեխնոլոգիական համագործակցության կարեւոր հարթակ։
Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ։