Հայաստանում ստեղծված ամբողջական ցիկլով ռոբոտաշինական ընկերության՝ CyberFusion-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սուրեն Աթոյանը ներկայացրել է Ayg-ը՝ քառոտանի ռոբոտային հարթակ, որը մշակել է ընկերության ինժեներական թիմը։
Ընկերությունն արդեն երեքուկես տարի աշխատում է նախագծի վրա եւ այժմ մշակումից անցնում է առաջին պիլոտային ներդրումներին, որից հետո նախատեսում է սկսել արտադրությունը։
CyberFusion-ն առաջին ուղղահայաց ինտեգրված հայկական ռոբոտաշինական ընկերությունն է, այսինքն՝ ինքն է նախագծում, կառուցում ու կառավարում ռոբոտի ստեղծման ամբողջ շղթան՝ մեխանիկայից ու էլեկտրոնիկայից մինչեւ ծրագրակազմ։
Ayg-ը նախատեսված չէ մեկ կոնկրետ գործառույթի համար։ Դրա հիման վրա հնարավոր է ստեղծել գիտական հետազոտությունների, կրթության եւ իրական պայմաններում իրականացվող մասնագիտացված խնդիրների լուծումներ։
Օրինակ՝ համալսարաններն ու լաբորատորիաները պատրաստի հարթակը կարող են օգտագործել ինքնավար կառավարման, համակարգչային տեսողության եւ արհեստական բանականության համակարգեր մշակելու համար՝ չծախսելով տարիներ զրոյից հենց ռոբոտի ստեղծման վրա։
Առաջին տեղակայումները նախատեսված են 2026 թվականի վերջին, որից հետո ընկերությունը մտադիր է անցնել հաջորդ փուլին՝ արտադրությանը։
Թիմի երկարաժամկետ նպատակներից մեկն այն է, որ Հայաստանի յուրաքանչյուր դպրոցում հայտնվի հենց երկրում արտադրված ռոբոտ։ Ընդ որում՝ խոսքը պարզապես պատրաստի տեխնիկայի օգտագործման մասին չէ․ աշակերտները պետք է հնարավորություն ունենան ուսումնասիրելու դրա կառուցվածքը, ծրագրավորելու, փոփոխելու եւ ժամանակի ընթացքում սեփական լուծումները ստեղծելու։