15:35 | 29.06.26 | Նորություններ | 196
Ucom-ը եւ CIPR AeroSpace ընկերությունը հայտարարում են համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին՝ ուղղված Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների եւ ինժեներական կրթության զարգացմանը։
2026 թվականին նախատեսվում է «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդնել Հայաստանի 15 դպրոցում. 7-ը՝ Երեւանում, իսկ 8-ը՝ ՀՀ մարզերում։
«Տիեզերք 1.0»-ը գործնական ուսումնական փաթեթ է, որը հնարավորություն է տալիս դպրոցականներին ծանոթանալ տիեզերական տեխնոլոգիաների հիմունքներին ոչ միայն տեսական, այլեւ կիրառական ձեւաչափով։ Փաթեթի միջոցով աշակերտները հնարավորություն են ստանում աշխատել ուսումնական արբանյակի, վերգետնյա կայանի եւ հարակից սարքավորումների հետ՝ զարգացնելով վերլուծական մտածողություն, տեխնիկական պատկերացում եւ ինժեներական մոտեցում։
«Ucom-ի համար տեխնոլոգիական կրթության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի։ Մենք կարեւորում ենք այն նախաձեռնությունները, որոնք դպրոցականներին տալիս են ոչ միայն գիտելիք, այլեւ իրական փորձառություն՝ օգնելով հասկանալ, թե ինչպես են աշխատում ժամանակակից տեխնոլոգիաները։ «Տիեզերք 1.0»-ը հենց այդպիսի ծրագիր է․ այն տիեզերական ինժեներիան դարձնում է ավելի հասանելի, հետաքրքիր եւ կիրառելի Հայաստանի դպրոցների համար»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Յուրաքանչյուր դպրոցին տրամադրվող «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներառում է՝ 1 ուսումնական արբանյակ, 1 վերգետնյա կայան, 1 պարաշյուտ, 2 ուղեցույց։ Ծրագիրը նախատեսում է ուսուցիչների ներգրավում եւ անհրաժեշտ մեթոդական աջակցություն, որպեսզի դպրոցները կարողանան փաթեթը կիրառել երկարաժամկետ ձեւաչափով՝ որպես STEM կրթության գործնական բաղադրիչ։
«Մեր նպատակն է տիեզերական կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի դպրոցներին՝ սկսելով այն տարիքից, երբ երեխաների հետաքրքրությունը գիտության եւ տեխնոլոգիաների նկատմամբ նոր է ձեւավորվում։ «Տիեզերք 1.0»-ը կառուցված է այնպես, որ աշակերտը ոչ միայն լսի տիեզերքի եւ արբանյակների մասին, այլեւ կարողանա ինքնուրույն փորձարկել, չափել, վերլուծել եւ հասկանալ տեխնոլոգիական գործընթացը»,- նշել է CIPR AeroSpace-ի հիմնադիր եւ տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը։
Համագործակցության հիմքում «Դասարանից՝ ուղեծիր» գաղափարն է․ այն նպատակ ունի դպրոցական միջավայր բերել տիեզերական տեխնոլոգիաների իրական կիրառությունը եւ խթանել ապագա ինժեներների, հետազոտողների ու նորարարների ձեւավորումը։ Ucom-ը կարեւորում է հատկապես մարզային դպրոցների ներգրավումը՝ ապահովելով, որ նորարարական կրթական հնարավորությունները հասանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Հայաստանի տարբեր համայնքներում։ 2025 թվականին իրականացվեց ծրագրի պիլոտային տարբերակը՝ Երեւանի եւ մարզերի 4 դպրոցներում։