18:01 | 19.05.26 | Նորություններ | 208

Հայտնի են Ուսանողական երրորդ հաքաթոնի հաղթող թիմերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ուսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքները։

Հայաստանի տարբեր բուհերից ձեւավորված 26 թիմ ներկայացրել է տեխնոլոգիական նորարարական լուծումներ՝ մրցելով գլխավոր մրցանակների համար։ Գնահատող հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմերը պարգեւատրվել են։

Մրցութային աշխատանքները գնահատվել են մի շարք չափանիշներով՝ նորարարություն, արդիականություն, իրագործելիություն, կենսունակություն եւ ներկայացման որակ։

Առաջին մրցանակին արժանացել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների «Արմագածոտն» թիմը՝ ստանալով 1.5 մլն դրամ։
Երկրորդ մրցանակը ստացել է «Հայ Հիմք» թիմը, իսկ երրորդը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Սպարտա» թիմը, որոնք համապատասխանաբար պարգեւատրվել են 1մլն եւ 500 հազար դրամ գումարներով։

Նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը նշել է, որ այս օրերին Ծաղկաձորը համախմբել էր Հայաստանի տարբեր բուհերի տասնյակ շնորհալի ուսանողների, որոնք մենտորների աջակցությամբ մշակել եւ ներկայացրել են իրենց նորարարական տեխնոլոգիական լուծումները։ Նա ընդգծել է, որ թիմերն աշխատել են նախարարության կողմից սահմանված ռազմավարական առաջնահերթ ուղղությունների շրջանակում, ինչը հնարավորություն է տվել ուսանողներին առավել անմիջականորեն հաղորդակից դառնալ ոլորտի զարգացման պետական մոտեցումներին եւ նպատակներին։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը կոչ է արել մասնակիցներին հավատալ սեփական գաղափարներին եւ շարունակել առաջ տանել դրանք։ Նա ընդգծել է, որ Հայաստանի մրցակցային առավելությունը մարդկային միտքն ու ստեղծարար ներուժն է, իսկ նորարար գաղափարների շնորհիվ հնարավոր է հասնել մեծ հաջողությունների։

Մրցութային հանձնաժողովի անդամ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սիրաս Հակոբյանը մասնակիցներին հորդորել է չընկրկել անհաջողություններից եւ շարունակել հավատալ սեփական գաղափարներին՝ ընդգծելով, որ հաջողության հիմքում համառությունն ու նպատակասլացությունն են։ Նա կարեւորել է հատկապես հաքաթոնի ընթացքում ձեռք բերված փորձառությունն ու գիտելիքները։

Միջոցառումը միավորել էր տարբեր բուհերի ուսանողների, ոլորտի մասնագետների եւ մենտորների՝ նպաստելով համագործակցության, փորձի փոխանակման եւ նոր տեխնոլոգիական նախաձեռնությունների ձեւավորմանը։