YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է մայիսի 11-ից Հայաստանում YouTube Գործընկերային ծրագրի (YouTube Partner Program-YPP) մեկնարկի մասին, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում գործունեություն ծավալող բովանդակություն ստեղծողներին լիարժեք օգտվել հարթակի դրամայնացման (մոնետիզացիայի) գործիքակազմից։
Այդ մասին ասվում է Բարձր տեխնոլոգիական նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Մայիսի 11-ից ընկերության չափանիշներին համապատասխանող հայաստանյան բովանդակություն ստեղծողները, որոնք ունեն առնվազն 1000 բաժանորդ, նախորդ 365 օրվա ընթացքում հիմնական տեսանյութերի 4000 ժամ կամ նախորդ 90 օրվա ընթացքում կարճ տեսանյութերի 10 միլիոն դիտումներ, կարող են դիմել YouTube-ի Գործընկերային ծրագրին եւ սկսել դրամայնացնել իրենց ալիքները՝ գովազդից ստացվող եկամուտների միջոցով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ասել է, որ «երկար սպասված այս փոփոխությունը նոր հնարավորություններ է ստեղծում դրամայնացման համար, լսելի է դարձնում տեղական բովանդակությունը եւ աջակցում թվային ձեռնարկատերերի նոր սերնդի ձեւավորմանը»: