Մարտի 11-ին STAN Angels-ը բացել է իր նոր մասնաճյուղը Փարիզում։ Վերջին տարիներին հրեշտակ ներդրողների ցանցն անցնում է զարգացման նոր փուլ՝ ընդլայնվելով միջազգային մակարդակում։
STAN Angels-ի տնօրեն Ռուբեն Օսիպյանը iTel.am-ին պատմել է` ինչպես է փոխվել STAN Angels-ի առաքելությունը տարիների ընթացքում, ինչպես է ձեւավորվել Լոս Անջելեսի մասնաճյուղը եւ ինչ նոր հնարավորություններ կարող է տալ Փարիզի նորաբաց մասնաճյուղը հայկական ստարտափ էկոհամակարգին։
FAST-ից անկախացումը
STAN Angels-ը ստեղծվել է FAST հիմնադրամի նախաձեռնությամբ 2018 թվականին, երբ Հայաստանում դեռ նոր էր ձեւավորվում հրեշտակ ներդրումների էկոհամակարգը։ Առաջիններից մեկը BANA-ն էր, հետո մենք սկսեցինք ակտիվ աշխատել եւ աստիճանաբար ձեւավորվեց ամբողջ համակարգը:
FAST-ը բազմաթիվ ծրագրեր ունի, որոնցից մեկը STAN-ն էր, սակայն մենք տեսնում էինք, որ այն կարող է դառնալ ինքնաբավ (self-sustainable) կազմակերպություն։ Միեւնույն ժամանակ հասկացանք, որ եթե այն կենտրոնանա բացառապես հրեշտակ ներդրումների վրա, ապա կարող ենք ավելի արդյունավետ աշխատել թե՛ ներդրողների, թե՛ ստարտափների հետ։
Ռուբեն Օսիպյանը
photo © Մեդիամաքս
Այս գործընթացի արդյունքում STAN Angels-ը դարձավ շահույթ չհետապնդող առանձին կազմակերպություն, ու 2023 թվականի հուլիսի 1-ից մենք արդեն ամբողջությամբ առանձին կազմակերպություն ենք։
Առաքելության փոփոխություն․ Սփյուռքից դեպի գլոբալ ցանցՍկզբնական շրջանում STAN Angels-ի հիմնական նպատակն էր հայկական Սփյուռքի ռեսուրսները կապել Հայաստանի ստարտափների հետ։
FAST-ի ժամանակ մեր առաքելությունը հետեւյալն էր․ հայկական Սփյուռքում գիտելիքի, կապերի եւ կապիտալի տեսանկյունից կա հսկայական պոտենցիալ, մենք փորձում էինք այդ երեքը բերել Հայաստան եւ օգնել ստարտափ հիմնադիրներին հաջողել։
Այդ մոտեցումը, սակայն, փոխվեց։ Մենք հասկացանք, որ մեր առաքելությունը պետք է լինի ավելի լայն։ Այսուհետ մենք պարզապես Սփյուռքի պոտենցիալը Հայաստան չենք բերում. փորձում ենք կապիտալիզացնել հայկական Սփյուռքը եւ այն դարձնել գործոն, որի շնորհիվ Հայաստանը կարող է իր տեղն ունենալ գլոբալ ստարտափ էկոհամակարգում։
Այժմ Սփյուռքը դիտարկվում է որպես կամուրջ աշխարհի լավագույն ստարտափների եւ ներդրողների միջեւ։ Այսինքն՝ Սփյուռքն այլեւս պարզապես միջոց չէ, որպեսզի օգնենք հայկական թիմերին։ Մենք մեր հրեշտակ ներդրողներին հնարավորություն ենք տալիս հասանելիություն ստանալ աշխարհի լավագույն գործարքներին։
Լոս Անջելեսի մասնաճյուղն ու ռեկորդային արդյունքներըSTAN Angels-ի գլոբալացման ռազմավարության կարեւոր գործիքներից մեկը դարձել է տարբեր քաղաքներում մասնաճյուղերի ստեղծումը։
Այս գաղափարը ծագել է Լոս Անջելեսում։ Մեր ներդրողների մեծ մասը գտնվում է Կալիֆոռնիայում։ Մի անգամ LA-ում միջոցառումների ընթացքում մեր հրեշտակ ներդրողներից մեկն առաջարկեց այնտեղ փիչինգ (pitching) սեսիա կազմակերպել: Այդ քննարկումից ծնվեց նոր մասնաճյուղի գաղափարը։ Նախագիծը կյանքի է կոչվել Triple S Ventures-ի հետ գործընկերությամբ։ Նպատակը պարզ էր՝ միասին գտնել լավ թիմեր, ներգրավել նոր հրեշտակ ներդրողներ եւ համատեղ ներդրումներ կատարել։
Ռուբեն Օսիպյանը
photo © Մեդիամաքս
2024-2025 ֆինանսական տարում մենք ունեցել ենք ռեկորդային արդյունք՝ ինը գործարք։ Ներդրումների ընդհանուր ծավալը եղել է մոտ կես միլիոն դոլար: Արդեն այս տարի փակել ենք եւս մի քանի ներդրումային գործարք եւ ընթացքի մեջ ունենք նորերը:
LA մասնաճյուղի ազդեցությունը հատկապես մեծ է որոշումների կայացման գործընթացում։ Երբ հրեշտակ ներդրողները հավաքվում են մեկ սենյակում եւ քննարկում գործարքները, որոշումները շատ ավելի արագ եւ որակով են կայացվում։ STAN Angels-ի ներդրումային ակտիվությունը զգալիորեն աճել է։
Փարիզի մասնաճյուղը` դարպաս դեպի ԵվրոպաՄեր նոր մասնաճյուղը Փարիզի Station F տեխնոլոգիական կենտրոնում է։ Բազմիցս հանդիպել եմ համայնքի ներկայացուցիչների հետ եւ պարզել, որ այնտեղ կան բավականին հաջողակ հայեր, հատկապես տեխնոլոգիական ոլորտում։ Երբ նրանց պատմում էի այս գաղափարի մասին, շատ արագ ոգեւորվում եւ ուզում էին մասնակցել։
photo © STAN Angels
Բացի Սփյուռքից, նախաձեռնությունը հետաքրքրել է նաեւ ֆրանսիական ստարտափ էկոհամակարգին։ Այնտեղ նույնպես մեծ հետաքրքրություն կա, որովհետեւ քաղաքական մակարդակում նույնպես կա Հայաստան – Եվրոպա համագործակցության հետաքրքրություն։
Փարիզի մասնաճյուղը կարող է բացել նոր հնարավորություններ։ Մենք տեսնում ենք մեծ պոտենցիալ, որ կարող ենք ներդրումներ անել ոչ միայն հայկական, այլեւ՝ եվրոպական թիմերում, որոնք ցանկանում են զարգանալ Ֆրանսիայի միջոցով։
Միջազգային թիմերի ներգրավումը կարող է բարձրացնել տեղական ստարտափների մակարդակը։ Երբ հայկական թիմը տեսնում է, թե ինչպես է ամերիկյան կամ եվրոպական ստարտափը pitch անում կամ կառուցում բիզնեսը, անմիջապես տեսնում է նաեւ իր բացերն ու սովորում։
Եվրոպական շուկայի բացվող հնարավորություններըՀայկական ստարտափները հաճախ կենտրոնանում են ԱՄՆ շուկայի վրա եւ քիչ փորձ ունեն Եվրոպայի հետ աշխատելու հարցում։ Մեր ներդրողների մեծ մասը ԱՄՆ-ից է, եւ ստարտափները սովորում են աշխատել ամերիկացի ներդրողների հետ։ Բայց երբ հանդիպում են եվրոպացիների, հաճախ չեն հասկանում նրանց աշխատելու մշակույթը։
photo © STAN Angels
Մինչդեռ Եվրոպան հսկայական շուկա է՝ շուրջ 500 միլիոն բնակչությամբ։ Հայաստանը Horizon Europe ծրագրի անդամ է եւ աշխարհագրորեն մոտ է։ Բայց մենք այդ հնարավորությունը լիարժեք չենք օգտագործում, ցանկանում ենք լրացնել այդ բացը։
Մենք տեսնում ենք նաեւ նոր ծրագրեր ստեղծելու հնարավորություն, որոնք կօգնեն ստարտափներին աշխատել եվրոպական շուկայի հետ՝ նույնիսկ ինկուբացիոն ձեւաչափով:
Ներդրումային միջավայրի խնդիրները ՀայաստանումԱյսօր Հայաստանում գործում են մի քանի հրեշտակ ներդրումային ցանցեր եւ վենչուրային ֆոնդեր, սակայն կա մեկ այլ խնդիր՝ ստարտափների սակավությունը։ Այժմ փող գտնելն այդքան էլ դժվար չէ։ Խնդիրը լավ ստարտափների քանակն է։ Այս իրավիճակը նաեւ ազդում է գնահատումների վրա։
Հայկական նախնական փուլի (early-stage) ստարտափների մոտ 8 միլիոն դոլար գնահատումը հաճախ համարվում է նորմալ, բայց Եվրոպայում կարող ես տեսնել Օքսֆորդ ավարտած թիմ, որի գնահատումը 3 միլիոն է։ Այս տարբերությունը կարող է խնդիրներ առաջացնել հաջորդ ներդրումային փուլերում։ Եթե սկսում ես 8 միլիոնից, հաջորդ փուլում պետք է ավելի մեծ աճ ցույց տալ։ Նման բարձր գնահատումները կարող են կարճաժամկետում շահավետ թվալ հիմնադիրների համար՝ նվազեցնելով դիլյուցիան, սակայն երկարաժամկետում դրանք բարդացնում են ներդրումների հաջորդ փուլերը եւ կարող են սահմանափակել ընկերության աճը։
Ռուբեն Օսիպյանը
photo © Մեդիամաքս
Միաժամանակ, գլոբալ շուկայում եւս փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ազդում են նաեւ Հայաստանի վրա։ Միջազգային ասպարեզում հիմա ավելի բարդ փուլ է։ Նախկինում շատ ավելի ակտիվ ներդրումներ էին արվում, իսկ հիմա շուկան ավելի ընտրողական է դարձել։
Այս բոլոր գործոնների համադրությունը ստեղծում է իրավիճակ, որ չնայած ֆինանսական ռեսուրսների առկայությանը՝ որակյալ եւ մրցունակ ստարտափների պակասը դառնում է հիմնական խոչընդոտ էկոհամակարգի զարգացման համար։
STAN Angels-ի թվերն ու առաջիկա ծրագրերըԱյս պահին STAN Angels-ը ունի 44 հրեշտակ ներդրող, ավելի քան 1.5 միլիոն դոլարի ներդրումներ, 31 ներդրումային գործարք, մեկ exit՝ Feedback Intelligence ստարտափի շնորհիվ: Պորտֆելի ընդհանուր արժեքն ավելի քան երկու անգամ ավելացել է։
Մեր ամենամեծ արժեքը մեր ներդրողներն ու հիմնադիրներն են։ Շատ ուշադիր ենք ընտրում մարդկանց, որոնք միանում են այս ցանցին:
Զարգացման հաջորդ փուլում կենտրոնանում ենք գլոբալ ընդլայնման վրա՝ աշխարհի տարբեր կենտրոններում մասնաճյուղերի ստեղծման միջոցով։ Դրանք մեզ համար շատ հարմար գործիք են հրեշտակ ներդրողների քանակը ավելացնելու համար։
Դիտարկվում է ընդլայնվել մի շարք կարեւոր շուկաներում. Եվրոպայում, Ամերիկայում, օրինակ` Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում, Մերձավոր Արեւելքում կամ Լատինական Ամերիկայում: Սա մեզ հնարավորություն կտա օգնել մեր ստարտափներին ավելի հեշտ մտնել միջազգային շուկաներ։
Մենք սա տեսնում ենք որպես պլատֆորմ, որի միջոցով սկսում ենք իրականում կապիտալիզացնել Սփյուռքի պոտենցիալը: Միաժամանակ դիտարկվում են նաեւ նոր ծրագրային ուղղություններ։ Շատ կարեւոր է դուրս գալ միայն հայկական շրջանակից եւ դառնալ հնարավորինս միջազգային։
Նունե Գրիգորյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի