«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիրը ճանաչվել է ASU+GSV միջազգային կրթական մրցույթի լավագույն 10 նորարարություններից մեկը եւ ապրիլի 12-15-ին ներկայացված կլինի Սան Դիեգոյում կայանալիք ASU+GSV գագաթնաժողովում։
Ծրագրի դպրոցների համապետական ցանցը՝ ի դեմս Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի, ընդգրկվել է մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայի լավագույն 5-ում։
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ՝ խորացված, անվճար ԱԲ կրթությունը ներդնելով Հայաստանի հանրակրթական ավագ դպրոցներում։
«Մեզ համար շատ կարեւոր է, որ աշխարհում Հայաստանն առանձնանում է իր կրթական նորարարություններով եւ՝ ճանաչելի դառնում հենց հանրակրթական համակարգից սկիզբ առնող ծրագրով։ «ԱԲ սերունդ»-ը, այս տեսանկյունից, Հայաստանի այցեքարտերից մեկն է»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Այս տարի Հայաստանը լինելու է ԱՄՆ-ից դուրս եզրափակչում ներկայացված միակ երկիրը՝ առանձնանալով մրցույթի 110 դիմորդների թվում։
«Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը՝ կրթական համակարգում ԱԲ կրթության ներդրմամբ աշխարհում առաջատարներից է, եւ որ մեր նման փոքր երկրները եւս կարող են մրցունակ լինել կրթական նորարարությունների ու տեխնոլոգիաների միջազգային ասպարեզում»,- նշել է FAST-ի Հանրակրթական ծրագրերի ղեկավար եւ ծրագրի պատասխանատու Անուշ Այվազյանը։
2023-ից ի վեր «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանակում աշակերտները՝ որպես առօրյա դասացանկի մաս անցնում են խորացված հանրահաշիվ, Python ծրագրավորման լեզու եւ արհեստական բանականություն, զուգահեռ՝ ներգրավվելով մասնագիտական կողմնորոշման ու հմտությունների զարգացման ծրագրերում, միջազգային ու տեղի AI օլիմպիադաներում ու մրցույթներում։
Այս պահին ծրագիրն արդեն իսկ հասանելի է ՀՀ բոլոր մարզերի 23 ավագ դպրոցնում՝ դարձնելով Հայաստանն աշխարհի առաջին երկրներից մեկը, որ ԱԲ կրթությունը ներդնում են դպրոցական մակարդակում։
2026-2027 ուսումնական տարում նախարարությունն ու FAST հիմնադրամը նախատեսվում են ընդլայնել ծրագիրը՝ հասնելով մինչեւ 45 ավագ դպրոց։