Փետրվարի 3-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ միջազգային հեղինակավոր Plug and Play Tech Center աքսելերացիոն ընկերության Plug and Play Armenia հայկական մասնաճյուղի համատեղ ինկուբացիոն ծրագրի շրջանակներում իրականացվող Pitches and Pizza համայնքային միջոցառումը:

Նախաձեռնության առանցքային նպատակն է ստեղծել մասնագիտական հարթակ հայկական ստարտափների համար, որտեղ նրանք կկարողանան զարգացնել իրենց նախագծերը, բարձրացնել ներդրումային պատրաստվածությունը եւ ուղիղ կապեր հաստատել միջազգային փորձագետների եւ ներդրողների հետ։

Հայկական էկոհամակարգի 16 ստարտափ տեխնոլոգիական հանրությանը եւ մասնագիտական ժյուրիին ներկայացրել է նորարարական բիզնես գաղափարներն ու նախագծերը` ստանալով թիրախային արձագանքներ միջազգային եւ տեղական ճանաչում ունեցող փորձագետներից։

Մասնակիցներին մասնագիտական խորհրդատվություն են տրամադրել Lufthansa Group-ի կորպորատիվ ռազմավարության ղեկավար Աննա Լենա Դրեւիցը, Organizational Dynamics ընկերության հիմնադիր եւ մարդկային կապիտալի կառավարման փորձագետ Դեա-Անն Դ'Ամիկոն, Պրոդուկտների գծով մենտոր եւ հաջողակ ձեռնարկատեր Ջեյմի Ռեյնոլդսը, FORMULA VC վենչուրային ֆոնդի համահիմնադիր եւ գործընկեր Կարեն Վարդանյանը, SmartClick եւ Viral Mango ընկերությունների համահիմնադիր Ռեմ Դարբինյանը։ 

Տրամադրված մասնագիտական խորհրդատվությունը հիմնված էր շուկա մուտք գործելու ռազմավարությունների, բիզնես մոդելների կատարելագործման եւ ներդրումային գնահատման ժամանակակից չափանիշների վրա։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ոչ ֆորմալ քննարկումներ ու նեթվորքիգ՝ ստեղծելով փորձի փոխանակման եւ նոր կապերի ձեւավորման միջավայր: