Երեւանի տեխնոլոգիական համայնքում աստիճանաբար ձեւավորվում են նոր հարթակներ, որոնք լուծում են ոչ միայն կրթական, այլեւ՝ կարիերային ու համայնքային խնդիրներ։ Այդ նախաձեռնություններից է IT Speaking Club-ը՝ տեխնոլոգիական թեմաներով անգլերեն խոսակցական ակումբ, որը համախմբում է տարբեր երկրներից եւ ոլորտներից մասնագետների։
Ակումբի հանդիպումներն անցկացվում են ամեն կիրակի։
Itel.am-ը ակումբի ձեւավորման եւ ընդլայնման մասին զրուցել է դրա համահիմնադիր Հակոբ Վարդանյանի, ֆասիլիտատոր Սիրվարդ Ամատունու, ակումբի անդամ Իվան Յակովլեւի հետ:
Անգլերենը՝ ՏՏ առաջընթացի հիմնական խոչընդոտ
IT Speaking Club-ի համահիմնադիր Հակոբ Վարդանյան
Հակոբ Վարդանյանը
photo © Մեդիամաքս
Ծնվել եմ Հայաստանում, բայց մեծացել եմ Մոսկվայում։ Երեք տարի առաջ վերադարձա Հայաստան՝ մի փուլում, երբ մեծ փոփոխություններ էին տեղի ունենում, միաժամանակ սկսեց փոխվել նաեւ իմ կարիերան․ տեղափոխվեցի ՏՏ ոլորտ, սկսեցի համագործակցել արտասահմանյան ընկերությունների հետ ու առաջին իրական խնդիրը, որին հանդիպեցի, անգլերեն ազատ ու վստահ խոսելն էր։
Փորձեցի գտնել ՏՏ-ին ուղղված խոսակցական ակումբներ կամ միջավայր, որտեղ կարելի էր պրակտիկ գիտելիքներ ստանալ։ Չգտա։ Այդ պահին էլ հասկացա, որ եթե չկա` պետք է ստեղծել։
Երեւանում պատահական հանդիպեցի նախկին գործընկերոջս` Նիկիտային, որի հետ Մոսկվայում աշխատել ենք Renault-ում, մեքենաշինության ոլորտում։ Սկսեցինք քննարկել՝ ինչպես է աշխատում միջազգային ՏՏ շուկան։ Հասկացանք, որ որքան էլ տեխնիկական հմտություններդ լավը լինեն, առանց լավ անգլերենի, գլոբալ մակարդակում չես կարող առաջ շարժվել։ Սկզբում ուղղակի իրար հետ էինք խոսում, պրակտիկա անում, հետո մտածեցինք՝ ինչու չընդլայնել այդ շրջանակը եւ ստեղծել ակումբ:
Խոսակցական ակումբ՝ ոչ դասական ձեւաչափովՄեկ տարի առաջ այս նախաձեռնությունն ստացավ ավելի հստակ ձեւ ու մեթոդոլոգիա։ Կենտրոնացանք հենց ՏՏ թեմաների վրա եւ ամենակարեւորը՝ ստեղծում ենք իրական աշխատանքային պրոցեսների իմիտացիաներ։
photo © Մեդիամաքս
IT Speaking Club-ում կիրառվում է խաղային մեթոդաբանություն: Թիմային քննարկումներ ենք անցկացնում` խնդիրների լուծումներից մինչեւ որոշումների կայացում։ Դա օգտակար է ոչ միայն ծրագրավորողների, այլեւ՝ HR մասնագետների, պրոդուկտ մենեջերների, մարքեթոլոգների համար: Տարբեր ոլորտների մարդկանց համադրությունը մեծ արժեք է ստեղծում:
Ազգերի խաչմերուկ եւ համայնքի ձեւավորումՅուրաքանչյուր հանդիպման գալիս է միջինը 10-12 անձ։ Խմբերը փոքր են՝ մոտ հինգ հոգի, յուրաքանչյուրում կա ֆասիլիտատոր։ Մեր առցանց համայնքում, ընդհանուր առմամբ, մոտ 200–250 բաժանորդ ունենք: 2025-ի ընթացքում անցկացրել ենք մոտ 50 հանդիպում, որոնց մասնակցել է շուրջ 120 հոգի: Մոտ 20 մասնակից մեր համայնքի միջոցով գտել է նոր աշխատանք։ Իմ կարծիքով՝ սա շատ լավ ցուցանիշ է:
Մասնակիցների մեծ մասը հայ է, բայց կան նաեւ Ռուսաստանից, Կանադայից, Եվրոպայից, նույնիսկ Աֆրիկայից մասնակիցներ։ Արժեքավոր է այն, որ մարդիկ իրենց անգլերենի փորձը բերում են տարբեր մշակույթներից։
photo © Մեդիամաքս
Նախաձեռնությունն անվճար է։ Ժամանակի ընթացքում մասնակիցները խնդրեցին հանդիպումներ կազմակերպել նաեւ աշխատանքային օրերին, ինչն արդեն պահանջում է ֆասիլիտատորների ժամանակի ու ռեսուրսների ներդնում: Որոշել ենք փորձարկել նաեւ վճարովի առցանց ձեւաչափը՝ փոքր խմբերով, ամսական բաժանորդագրությամբ։
Ոչ միայն լեզվի, նաեւ կարիերայի հարթակՍիրվարդ Ամատունի, IT Speaking Club-ի ֆասիլիտատոր
Սիրվարդ Ամատունին
photo © Մեդիամաքս
Երկար տարիներ աշխատել եմ միջազգային ընկերությունում, հետո որոշեցի փոխել ոլորտը եւ սկսեցի սովորել IT Project Management։ LinkedIn-ում տեսա հայտարարությունը եւ միացա ակումբին։ Ինձ համար սա շատ աշխատող մեթոդ է։ Մարդիկ գալիս են ոչ թե ակադեմիական դասի, այլ՝ խոսելու, «լեզուն բացելու»։ Մենք օգտագործում ենք սիտուատիվ խաղեր՝ ՏՏ ոլորտից, սահմանում ենք ժամանակ, որպեսզի բոլորը հասցնեն ակտիվ խոսել:
Բացի լեզվական հմտություններից, այստեղ ձեւավորվում է իրական գործարար կապերի ցանց: Telegram ալիքում մարդիկ կիսվում են թափուր աշխատատեղերով, իրար ուղղորդում։ Սա արդեն համայնք է, ոչ պարզապես դաս։
Լեզուն՝ նպատակից գործիքԻվան Յակովլեւ, IT Speaking Club-ի անդամ
Իվան Յակովլեւը
photo © Մեդիամաքս
Ակումբին միացել եմ 2025 թվականի ամռանը։ LinkedIn-ում հայտարարությունը տեսնելով՝ հասկացա, որ սա հենց այն է, ինչ փնտրում էի։ Ամենաշատն ինձ դուր է գալիս մթնոլորտը՝ ոչ ֆորմալ շփումը. բացի այդ, թեմաները շատ մոտ են իմ աշխատանքին։ Աշխատում եմ EPAM-ի հայկական գրասենյակում, ունեմ ԱՄՆ-ից պատվիրատուներ ու անգլերենի ակտիվ պրակտիկան ուղղակիորեն օգնում է աշխատանքում։ Մեկուկես ժամ ակտիվ զրույցն անգլերենով շատ արդյունավետ է բառապաշարի ու վստահության աճի համար:
Նունե ԳրիգորյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի