13:55 | 26.03.25 | Նորություններ | 2295

    Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին

    Ucom-ը, լինելով նորարարական եւ տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի ակտիվ աջակից, հայտարարում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին միանալու մասին։

    «Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումը տեղի կունենա մարտի 29-ին Տաշիրի մշակույթի կենտրոնում։
    Ոչ միայն Ucom-ն աջակցում է միջոցառման կազմակերպմանը, այլեւ ընկերության աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են աշխատանքներին՝ որպես մենթոր, պանելային քննարկման մոդերատոր եւ այլն։

    Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մարզերում ապրող տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց եզակի փորձառությունն ու հաջողությունները՝ ոգեշնչելով ինչպես հասակակիցներին, այնպես էլ ավագ սերնդին։

    «Մեզ համար մեծ պատիվ է լինել այս ֆորումի մի մասը եւ կիսվել մեր փորձով։ Բայց նաեւ ուրախ ենք լսել երիտասարդների գաղափարները, քանի որ հաճախ նրանք ավելի բաց են փոփոխությունների նկատմամբ։ Ucom-ում միշտ պատրաստակամ ենք աջակցել նման նախաձեռնությունների Հայաստանի տարբեր մարզերում՝ երիտասարդների գաղափարները լսելի դարձնելու եւ զարգացնելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    «ՄԵՄ-ը միշտ առաջնահերթություն է տվել մարզերում ապրող երիտասարդների ինքնադրսեւորմանն ու զարգացմանը։ Այս ֆորումը եւս մեկ կարեւոր քայլ է՝ նրանց համար հնարավորություններ ստեղծելու, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի նաեւ իրենց համայնքներից դուրս։ Իսկ համագործակցությունը եւ համախմբվածությունը մեր հաջողության բանալին են։ Ucom-ի նման գործընկերների ներգրավվածությունը ցույց է տալիս, որ բիզնեսը, հասարակական հատվածը եւ համայնքները կարող են միավորվել՝ հանուն երիտասարդների զարգացման», - ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։

    Ֆորումը, որը կհամախմբի 500 կրտսեր եւ ավագ սերնդի ներկայացուցչի, երիտասարդներին հնարավորություն կտա փոխանակվել փորձով Հայաստանի առաջատար մասնագետների, գործարարների եւ մտավորականների հետ։

    Նշվում է, որ մարզային ֆորումի ընթացքում սպասվում են ելույթներ պատանի խոսնակների կողմից, հարցուպատասխան սեսիաներ, ցուցադրություններ, համագործակցային կապերի ստեղծում, պանելային քննարկում եւ եզրափակիչ համերգ՝ օրը տոն դարձնելու նպատակով։

    «Երիտասարդների թվային եւ տեխնոլոգիական կրթությունը մեծ տեղ է զբաղեցնում Ucom-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում։ Այս միջոցառման աջակցությունը նաեւ համապատասխանում է ընկերության այն մոտեցմանը, ըստ որի երիտասարդներին անհրաժեշտ է հնարավորություններ տրամադրել սովորելու, զարգանալու եւ իրենց գաղափարներով ու նախաձեռնություններով տարբեր ոլորտներում փոփոխություններ առաջարկելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: