ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կրիպտոարժույթի պահուստի գործադիր հրաման։
AI-ի եւ կրիպտոարժույթի գծով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Սաքսն ասել է, որ այն կարող է բաղկացած լինել մոտ 200,000 բիթքոյնից:
Փաստաթղթում ասվում է, որ պահուստը կհամալրվի քրեական եւ քաղաքացիական գործերով առգրավված բիթքոյններով, որոնք պահվում են ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից։ Պահուստից բիթքոյնները չեն կարող վաճառվել:
Նույն հրամանագրով Թրամփը կարգադրել է ԱՄՆ թվային ակտիվների պահուստ ստեղծել։ Այն կներառի այլ կրիպտոարժույթներ, որոնք նույնպես առգրավվել են քրեական եւ քաղաքացիական գործերով։ Փաստաթղթում, այնուամենայնիվ, նշված չէ ակտիվների կոնկրետ ցանկը:
2021 թվականին Դոնալդ Թրամփը Բիթքոյնին անվանել էր «խարդախություն»: Արդեն 2024 թվականին՝ հաջորդ նախընտրական քարոզարշավի ժամանակ, նա ասել էր՝ եթե կրիպտոն որոշելու է ապագան, ապա այն պետք է արդյունահանվի ԱՄՆ-ում: Այնուհետեւ նա եզրակացրել է, որ երկիրը պետք է դառնա «կրիպտո կապիտալի եւ բիթքոյնի գերտերություն» ու ձեռք բերի «Բիթքոյնի ռազմավարական պահուստ»:
2025 թվականի մարտի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ XRP, SOL եւ ADA-ն կներառվեն ԱՄՆ ռազմավարական կրիպտոարժույթի պահուստում։ Ավելի ուշ նա պարզաբանել էր, որ պահուստը հիմնված է լինելու BTC-ի եւ ETH-ի վրա։