F.fect Studio-ն թվային մարքեթինգի գործակալություն է, որն ընկերություններին օգնում է աճել արհեստական բանականության վրա հիմնված լուծումներով։ Ընկերության հիմնադիր Էդիտա Այվազյանն ավելի քան մեկ տասնամյակի փորձ ունի, իրականացրել է 30-ից ավելի հաջողված արշավ, ձեռնարկատերերին ուղղորդել արդյունավետ ռազմավարությունների մշակման գործում՝ համատեղելով նորարարությունն ավանդական մոտեցումների հետ։
Էդիտան Itel.am-ին պատմել է F.fect Studio-ի ստեղծման, մարքեթինգում AI-ի կիրառությունների, Միացյալ Նահանգներում հաստատվելու եւ տարբեր շուկաներում գործունեության առանձնահատկությունների մասին։
Տնտեսագիտությունն ու «սիրո պատմությունը» տեխնոլոգիաների հետ
Կրթությունս մեծ ազդեցություն է ունեցել թվային մարքեթինգի եւ ձեռնարկատիրության նկատմամբ իմ մոտեցման ձեւավորման վրա։ Տնտեսագիտությունը սովորեցրել է վերլուծական մտածողություն, շուկայի պահանջարկի գնահատում եւ ռեսուրսների օպտիմալ կառավարում, մինչդեռ կառավարման ոլորտի գիտելիքները տվել են ռազմավարական պլանավորման, թիմի կառավարման եւ բիզնես գործընթացների օպտիմալացման հմտություններ։
Համալսարանական տարիներին խորությամբ զբաղվել եմ մարքեթինգային հետազոտություններով եւ ռազմավարական նախագծերով։ Հետազոտելով շուկայի պահանջարկը, սպառողների վարքագիծը եւ կառուցելով տվյալների վրա հիմնված մարքեթինգային պլաններ՝ հասկացա, որ մարքեթինգը միայն գովազդ չէ, այլ՝ պատմություն պատմելու, բրենդ ստեղծելու եւ ազդեցություն ունենալու արվեստ։
Իմ հետաքրքրությունն ավելի խորացավ, երբ փորձաշրջան անցա VTB բանկի մարքեթինգի բաժնում։ Այնտեղ առաջին անգամ տեսա մարքեթինգի կորպորատիվ կողմը՝ խիստ հաշվարկված արշավներ, տվյալների վրա հիմնված որոշումներ եւ հաճախորդների ներգրավման բարդ մեխանիզմներ։ Այդ փորձառությունն ինձ սովորեցրեց՝ հաջողակ բիզնեսն աշխատում է թվերի, տեխնոլոգիաների եւ ճիշտ ռազմավարության համադրությամբ։
Էդիտա Այվազյանը
photo © Էդիտա Այվազյանի արխիվից
Այս երկու փորձառությունները՝ համալսարանի ստեղծագործական, ռազմավարական ազատ մտածողությունը եւ բանկային ոլորտի խիստ, արդյունքակենտրոն մոտեցումը, ձեւավորեցին իմ «սիրո պատմությունը» տեխնոլոգիաների հետ։ Դրանք ինձ սովորեցրին, որ հաջողակ մարքեթինգը պետք է համատեղի եւ՛ ստեղծարարությունը, եւ՛ տվյալների վրա հիմնված խելացի որոշումները։ Այս համոզմունքն էլ հետագայում դարձավ F.fect Studio-ի հիմքը։
ԱՄՆ տեղափոխվելն ու F.fect Studio-ի գաղափարըՄիշտ ձգտել եմ ապրել եւ աշխատել միջավայրում, որտեղ նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումները մեծ դեր ունեն։ ԱՄՆ-ն այս ոլորտների գլոբալ կենտրոնն է:
ԱՄՆ տեղափոխվելը պարզապես նոր տեղում կյանք սկսելու մասին չէր, այլ մասնագիտական աճի, մեծ բիզնես միջավայրում նոր մարտահրավերներ ընդունելու եւ նորարարական տեխնոլոգիաների հետ աշխատելու երազանքի իրականացում էր։ Այստեղ ես տեսա, թե ինչպես են համաշխարհային մակարդակի բիզնեսները մրցում, ինչպես են մարքեթինգային ռազմավարությունները զարգանում տվյալների եւ AI-ի հիման վրա։
Այս միջավայրը ստիպեց ինձ մտածել ավելի լայն, ավելի համարձակ լինել որոշումներ կայացնելիս եւ ստեղծել F.fect Studio-ն՝ մի հարթակ, որը համատեղում է մարքեթինգի արվեստն ու տեխնոլոգիաների ուժը՝ օգնելով բիզնեսներին հաջողության հասնել թվային աշխարհում։
ԱՄՆ տեղափոխվելն ինձ սովորեցրեց, որ երբ դուրս ես գալիս հարմարավետության գոտուց եւ հայտնվում ավելի մեծ «բեմում», դա ոչ թե խանգարում, այլ ստիպում է աճել, զարգանալ ու դառնալ ավելի ստեղծարար եւ դիմացկուն։
Մարտահրավերներն ու սկզբնական կոնցեպտըF.fect Studio-ն ստեղծելիս ամենամեծ մարտահրավերները եղել են շուկայի պահանջների ճիշտ ընկալումը, մրցակցային ոլորտում առանձնանալը եւ AI տեխնոլոգիաների արդյունավետ ինտեգրումը։ Թվային մարքեթինգի ոլորտը բավականին մրցակցային է, ուստի անհրաժեշտ էր գտնել եզակի լուծում, որը ոչ միայն կբարելավեր մարքեթինգային գործընթացները, այլեւ կդարձներ դրանք ավելի հասանելի տարբեր բիզնեսների համար։
Գաղափարն առաջացավ, երբ տեսա, որ շատ բիզնեսներ դժվարանում են կառավարել թվային մարքեթինգը՝ չունենալով մեծ ռեսուրսներ։ Սկզբնական կոնցեպտը պարզ էր՝ ստեղծել AI-ով աշխատող հարթակ, որը ավտոմատացնում է սոցիալական մեդիայի կառավարումը՝ խնայելով բիզնեսների ժամանակն ու ռեսուրսները։
Էդիտա Այվազյանը
photo © Էդիտա Այվազյանի արխիվից
Այս ճանապարհին ամենամեծ դասերից մեկը հարմարվելու ունակությունն է եղել։ Մարքեթինգային տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, եւ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է մշտապես նորարարություններ ներմուծել ու թեստավորել նոր գործիքներ։ F.fect Studio-ն կառուցվել է հենց այս սկզբունքով՝ նորարարությունը դարձնելով բիզնեսի շարժիչ ուժ։
Նպատակները, նորարարական մոտեցումներն ու գործառույթներըF.fect Studio-ի նպատակն է բիզնեսներին տրամադրել AI-ով աշխատող թվային մարքեթինգային գործիքներ, որոնք ավտոմատացնում են սոցիալական մեդիայի բովանդակության ստեղծումը, պլանավորումը եւ կառավարումը՝ խնայելով նրանց ժամանակն ու ռեսուրսները։ Մենք լուծում ենք այն խնդիրները, որոնք շատ բիզնեսների համար մարտահրավեր են՝ մարքեթինգի բարձր ծախսերը, ժամանակատար բովանդակության կառավարումը եւ արդյունավետության բացակայությունը։
Մեր նորարարական մոտեցումները ներառում են արհեստական բանականությամբ բովանդակության գեներացում, ավտոմատացված հրապարակումներ եւ տվյալների վրա հիմնված ռազմավարություններ։ Մենք համատեղում ենք AI-ը, ավտոմատացումը եւ վերլուծությունը, որպեսզի բիզնեսները կարողանան կենտրոնանալ իրենց հիմնական գործունեության վրա՝ վստահ լինելով, որ նրանց մարքեթինգը աշխատում է ավտոմատ եւ արդյունավետ։
AI-ն ու թվային մարքեթինգըAI-ն արդեն ամեն օր ու ամեն վայրկյան վերափոխում է թվային մարքեթինգը, ապագայում դրա ազդեցությունն ավելի կխորանա։ Գովազդային ալգորիթմները կդառնան ինքնավար, թիրախավորումը՝ անհատականացված, իսկ որոշումները՝ տվյալների վրա հիմնված, ինչը բիզնեսներին թույլ կտա նվազեցնել մարքեթինգային ծախսերը եւ բարձրացնել ROI-ն։
Օրինակ, Target-ը օգտագործում է AI՝ հաճախորդների գնումների տվյալները վերլուծելու եւ նույնիսկ նրանց կյանքի իրադարձությունները կանխատեսելու համար։ Սա թույլ է տալիս բրենդներին անհատականացնել առաջարկները նույնիսկ նախքան հաճախորդները գիտակցեն իրենց կարիքները։
Ապագայում, կարծում եմ, որ AI-ն ամբողջությամբ ավտոմատացնելու է բովանդակության ստեղծումը, գովազդի հարմարեցումը եւ հաճախորդների ներգրավվածությունը՝ դարձնելով մարքեթինգը ավելի արդյունավետ, կանխատեսելի եւ տվյալակենտրոն։
Տվյալների վրա հիմնված վերլուծությունն ու մարդկային գործոնի հավասարակշռումը
Ես համատեղում եմ տվյալների վերլուծությունն ու մարդկային գործոնը՝ AI-ի ճշգրտությունը միավորելով ստեղծարար մտածողության հետ։ AI-ն օգնում է մեզ վերլուծել, հասկանալ եւ կանխատեսել, բայց մարդկային գործոնն է, որ բրենդը դարձնում է կենդանի, հուզական եւ հիշվող։
Էդիտա Այվազյանը
photo © Էդիտա Այվազյանի արխիվից
Տվյալները եւ AI-ն օգտագործում եմ՝ հասկանալու, թե ինչ է պետք լսարանին։ Ստեղծարարությունը պահպանում եմ՝ վերլուծված տվյալները վերածելով բովանդակալից, ազդեցիկ հաղորդագրությունների։ Թողնում եմ, որ մարդկային ինտուիցիան որոշումների հիմքում վերջնական լինի:
AI-ը հզոր գործիք է, բայց առանց մարդկային մտածողության ու զգացմունքների, այն պարզապես տվյալների հավաքածու կմնա։
F.fect Studio-ի թիմն ու տեսլականըF.fect Studio-ն նորաստեղծ, բայց արագ զարգացող թիմ է, որտեղ կարեւորում ենք համագործակցությունն ու շարունակական ուսուցումը։ Բաց ենք ոլորտի մասնագետների հետ աշխատանքի համար, քանի որ յուրաքանչյուրից կարելի է ինչ-որ նոր բան սովորել։
Մինչեւ հիմա ձեւավորել ենք ստեղծարար քննարկումների ավանդույթ, որտեղ կիսվում ենք նոր գաղափարներով եւ միմյանցից սովորում։ Թեեւ դեռ փոքր ենք, բայց մեր նպատակն է աճել, զարգանալ եւ նորարարություն բերել թվային մարքեթինգում եւ այն դարձնել ավելի արդյունավետ, խելացի եւ հասանելի։
Հայաստանի եւ ԱՄՆ-ի շուկաների տարբերություններն ու առանձնահատկություններըԹեեւ ավանդական մեթոդները դեռ մեծ ազդեցություն ունեն, սակայն Հայաստանի շուկան շարունակում է զարգանալ, թվային մարքեթինգը վերջին տարիներին ակտիվ աճ է գրանցում։ ԱՄՆ-ում շուկան առավել մրցակցային է, եւ սպառողները սովոր են AI-ով անհատականացված առաջարկներին, տվյալների վրա հիմնված գովազդներին եւ ավտոմատացված հաճախորդների սպասարկմանը։ Մարքեթինգային ռազմավարությունները կառուցվում են խորը տվյալների վերլուծության եւ առաջադեմ տեխնոլոգիաների վրա:
Հայաստանում բիզնեսները ավելի շատ հենվում են հանրային վստահության, բրենդային հավատարմության եւ անձնական հարաբերությունների վրա։ Թեեւ AI-ն եւ թվային գործիքներն աստիճանաբար կիրառվում են, դեռեւս շատ ընկերություններ կենտրոնանում են content եւ influencer մարքեթինգի վրա։
Էդիտա Այվազյանը
photo © Էդիտա Այվազյանի արխիվից
Հիմնական տարբերությունն այն է, որ ԱՄՆ-ում շուկան տվյալակենտրոն է, իսկ Հայաստանում՝ մարդկային շփման վրա հիմնված։ Հայաստանում, սակայն, արագ զարգանում է թվային եւ տեխնոլոգիական մարքեթինգը եւ առաջիկա տարիներին այն կդառնա ավելի տվյալների վրա հիմնված ու ավտոմատացված։
Հայաստանի շուկան, ըստ իս, անցումային փուլում է, եւ առաջիկայում ավելի շատ բիզնեսներ կսկսեն ներդնել տվյալների վրա հիմնված մարքեթինգային լուծումներ՝ միաժամանակ պահպանելով տեղական շուկայի յուրահատուկ մոտեցումները։
Խորհուրդներ սկսնակ մասնագետներին ու ձեռնարկատերերինՍկսնակ ձեռնարկատերերին կտայի երեք կարեւոր խորհուրդ. մի սպասեք կատարյալ պահի։ Շատերը հետաձգում են իրենց գաղափարները՝ սպասելով «ճիշտ ժամանակին», բայց բիզնեսում աճը գալիս է գործելուց, ոչ թե սպասելուց։ Մշտապես զարգացեք եւ հարմարվեք․ շուկան ու տեխնոլոգիաները արագ են փոխվում։ Հենվեք տվյալների վրա, բայց մի անտեսեք ինտուիցիան։ Վերլուծությունն ու ռազմավարությունը կարեւոր են, բայց հաճախ ամենամեծ հնարավորությունները բացվում են համարձակ փորձարկումների արդյունքում։
Նունե Գրիգորյան