09:29 | 13.02.25 | Հոդվածներ | exclusive 2657

Հայկական վենչուրային հիմնադրամների ներդրումները 2024-ին

Itel.am-ը զրուցել է Հայաստանում գործող 5 վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչների հետ՝ հետաքրքրվելով 2024 թվականին իրականացված ներդրումների ծավալների եւ արձանագրված միտումների մասին:

«Գրանատուս Վենչուրս»

«Գրանատուս Վենչուրս» հիմնադրամի համահիմնադիր եւ կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին ներդրումներ են կատարվել երեք նոր ընկերությունում, իսկ երեք այլ ընկերությունում հավելյալ ներդրումներ են արվել։

Նրա խոսքով, սկզբնական ներդրումների չափը սովորաբար կազմում է 200-ից 400 հազար դոլար, իսկ հետագա փուլերում դրանք կարող են զգալիորեն աճել՝ կախված ընկերությունների զարգացման ընթացքից։

«Գրանատուս Վենչուրս»-ի առաջին ֆոնդը՝ 6.3 միլիոն դոլար ծավալով, ամբողջությամբ ներդրվել է. իրականացվել են մի շարք ներդրումային ելքերի գործարքներ, ինչի արդյունքում ներդրողներին վերադարձրել են իրենց ներդրումները եւ շահույթներ են ստացել։

Երկրորդ ֆոնդը հիմնադրվել է 2021թ.-ին, կենտրոնացած է խորը տեխնոլոգիաների (Deep Tech) վրա, որոնք լուծում են սոցիալական կամ բնապահպանական խնդիրներ։

Մանուկ Հերգնյանը Մանուկ Հերգնյանը


Այս ֆոնդը կատարում է ավելի ընտրողական ներդրումներ, ոչ միայն հայկական, այլեւ միջազգային ընկերություններում, որոնք իրենց հիմնական գործառնությունները տեղափոխում են Հայաստան։ Ֆոնդի կապիտալը անընդհատ համալրման ընթացքում է։ Ընդհանուր թիրախային կապիտալը 20 մլն դոլար է։

Մանուկ Հերգնյանն ասել է, որ հատկապես մեծ ուշադրություն են դարձնում բժշկական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ոլորտներին։

«Բժշկական տեխնոլոգիաների ոլորտում մենք ներդրում ենք կատարել մի շարք արմատական նորարարություններ իրականացնող ընկերություններում, սակայն դրանք հիմնականում օտարերկրյա ընկերություններ են», - հավելել է նա։

Մանուկ Հերգնյանը նկատել է, որ «Գրանատուս Վենչուրս»-ն աշխատում է կապել օտարերկրյա ընկերությունները հայկական գիտական ներուժի հետ՝ նպատակ ունենալով Հայաստանում ձեւավորել նոր գիտելիքներ եւ կարողություններ։

Օրինակ, հեռանկարային համագործակցություն է ձեւավորվել Հայաստանի բիոինֆորմատիկայի ինստիտուտի եւ «Vivan Therapeutics» ընկերության միջեւ։

Ըստ Մանուկ Հերգնյանի՝ վերջին 10 տարիների ընթացքում հայկական ստարտափ էկոհամակարգը մեծ թափ է հավաքել, սակայն վերջին շրջանում նկատվում է որակյալ նորաստեղծ ընկերությունների քանակի նվազում։

Formula VC

2024 թվականին Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել 5 նոր ստարտափում, իսկ մեկ ստարտափի ներդրումն ավելացվել է՝ ընդհանուր ծավալը հասցնելով 1.5 մլն դոլարի։

2021 թվականին հիմնադրված Formula VC-ն երկրորդ ֆոնդով նախատեսում է ներդրում կատարել 30 մլն դոլարի չափով։ Առաջին ֆոնդում ներդրվել էր 7 մլն դոլար։

«2024 թվականի հուլիսին բացվեց երկրորդ ֆոնդը՝ Formula VC 2-ը, որը կներառի ներդրումներ 40 ընկերությունում։ Մինչ այժմ արդեն կատարվել է 450 հազար դոլար ներդրում, իսկ պաշտոնական բացումը նախատեսվում է փետրվարի 27-ին»,- տեղեկացրել է Formula VC-ի համահիմնադիր Կարեն Վարդանյանը:

Կարեն Վարդանյանը Կարեն Վարդանյանը


Որպես 2024 թվականին ձեռքբերում նա առանձնացրել է Ցե-Կվադրատ Ամպեգայից ստացված ներդրումը՝ որպես տարածաշրջանային նախադեպ։

Կարեն Վարդանյանը նշել է, որ վերջին տարիներին ակտիվացել են միջազգային ներդրողները՝ հատկապես ամերիկյան ֆոնդերը, որոնք հետաքրքրվում են Հայաստանի ՏՏ եւ ստարտափ ոլորտով։

SmartGateVC

2017 թվականին հիմնադրված վենչուրային ֆոնդը 2024 թվականին ընդհանուր առմամբ 1 մլն դոլարի ներդրում է կատարել 4 ստարտափում։

Ֆոնդի գործընկեր եւ համահիմնադիր Աշոտ Արզումանյանն ասել է, որ իրենց ներդրումները կենտրոնանում են խորը տեխնոլոգիաների (Deep Tech) ավելի նեղ ոլորտներում։

«ԱԲ-ն արդեն կարեւոր դեր ունի, սակայն առաջիկայում այն կլցնի նաեւ ֆիզիկական աշխարհը։ Մենք ներդրումներ ենք կատարում այդ ուղղությամբ»,- բացատրել է նա։ Աշոտ Արզումանյանն ասել է, որ երբ ԱԲ մոդելները սկսեն աշխատել կորպորատիվ տվյալների բազաների հետ, ներդրումներ անելու նոր հնարավորություններ ի հայտ կգան։

Աշոտ Արզումանյանը Աշոտ Արզումանյանը


«Մեր առաջին ֆոնդը կազմել է 3 մլն դոլար, իսկ երկրորդը մեկնարկել է 2022 թվականին՝ 10 մլն դոլարով, եւ դեռ շարունակվում է։ Մինչ օրս կատարել ենք 33 ներդրում»,-  հայտնել է նա։

Աշոտ Արզումանյանը շեշտել է, որ ֆոնդի հիմնական նպատակն է զարգացնել գիտատար ոլորտը՝ բարձրացնելով PHD ծրագրերի մակարդակը եւ խթանելով նոր գիտական նախագծեր։ Ֆոնդը նաեւ կարեւորում է պետության ներդրումները այս ոլորտում՝ որպես երկարաժամկետ տնտեսական զարգացման հիմք։

Big story

2024 թվականին Big story վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել 8 ստարտափում՝ ընդհանուր 1.7 մլն դոլար ծավալով։ 2022 թվականին հիմնադրված ֆոնդը մինչ օրս ներդրվել է 6.7 մլն դոլար տարբեր ստարտափներում: Յուրաքանչյուրում միջինում ներդրվող գումարի չափը 100-ից 300 հազար դոլար է։

BigStory-ի վենչուրային ֆոնդի եւ Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսում են 2 մլն դոլարի չափով ներդրումներ կատարել, հիմնականում կենտրոնացած են խորը տեխնոլոգիաների (Deep Tech) վրա։

«Ստարտափների համար ոլորտային սահմանափակում չունենք. կարող են տարբեր ոլորտներից լինել, օրինակ՝ ԱԲ, ռոբոտիկա եւ այլն, սակայն կարեւոր պայման է, որ deep tech արտադրանք ստեղծեն գլոբալ շուկաների համար: Եւս մեկ կարեւոր պայմանն առնվազն մեկ հայ հիմնադիր ունենալն է։ Մեր նպատակը հայկական ստարտափների հիմնադիրներին օգնելն է՝ միջազգային ընկերություն ստեղծելու հարցում»,- նշել է Արտավազդ Մինասյանը։

Արտավազդ Մինասյանը Արտավազդ Մինասյանը


Նախորդ տարի ֆոնդը ներդրումներ է կատարել տարբեր ոլորտների սկսնակ ընկերություններում, որոնցից գրեթե բոլորը հաջողություններ են գրանցել եւ արդեն անցել են հաջորդ փուլեր։

Արտավազդ Մինասյանը նշել է, որ 2022 թվականի համեմատ 2023- 2024 թվականներին վենչուրային շուկան մի փոքր դանդաղ է առաջ ընթանում, 2024 թվականի կեսերից սկսվել է դրական տեղաշարժ եւ ակտիվացում, եւ հույս է հայտնել, որ 2025 թվականին ներդրումների աճ կնկատվի։
 
Նա շեշտել է, որ իրենց ֆոնդը առանձնանում է մյուս հայկական վենչուրային ֆոնդերից նրանով, որ «հիմնադիրները հիմնադիրների համար» տիպի է։ Հիմնադիրներ հանդիսանալով՝ ավելի լավ են հասկանում սկսնակ  հիմնադիրների դժվարությունները եւ փորձում են ամբողջական աջակցություն ցուցաբերել։

Triple S

2022 թվականին ստեղծված Triple S վենչուրային ֆոնդը ընդհանուր առմամբ աջակցել է 17 ստարտափի, որոնցից 8-ում ներդրում է կատարել 2024 թվականին: Եւս մեկ ներդրում է արվել է 2025 թվականին։

Triple S վենչուրային ֆոնդի ղեկավար Նարինե Դավթյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 1 մլն դոլար։

Նարինե Դավթյանը Նարինե Դավթյանը


«Ներդրումները կատարվում են հիմնականում նախնական փուլերում գտնվող ստարտափներում՝ յուրաքանչյուրի մեջ առավելագույնը 250 հազար դոլար։ 2025 թվականին նախատեսում ենք կատարել եւս 10 ներդրում։ Ոլորտները շատ տարբեր են՝ կենսատեխնոլոգիաներ, առողջապահություն, ռոբոտիկա, ԱԲ լուծումներ, քվանտային տեխնոլոգիաներ»,-  տեղեկացրել է Նարինե Դավթյանը։

Նա նշել է, որ հայ հիմնադիրներ ունեցող ստարտափներին առաջնահերթություն  տրվում է, սակայն այդպիսիք ունենալը պարտադիր պայման չէ։

2024 թվականին իրականացված ներդրումներից նա առանձնացրել է Sparxell ստարտափը, որը հիմնադրվել է Քեմբրիջի գիտնականների կողմից։

Լուսինե Մովսիսյան