12:17 | 28.02.25 | Հոդվածներ | exclusive 1232

Հայ հիմնադիրների գրավիտացիոն կետը՝ Formula VC-ի նոր ֆոնդը

Պաշտոնապես գործարկվել է Formula VC II ներդրումային ֆոնդը, որը թիրախավորելու է ոչ միայն վաղ փուլի, այլեւ՝ A սերիայի ստարտափները։

Formula VC-ի համահիմնադիրներ Գրիգոր Հովհաննիսյանը եւ Կարեն Վարդանյանը iTel.am-ին պատմել են երկրորդ ֆոնդի ստեղծման անհրաժեշտության, առանձնահատկության եւ գործունեության մասին։

«Առաջինը 7 միլիոն դոլար էր, երկրորդը սահմանել ենք 30 միլիոն»

Գրիգոր Հովհաննիսյան, Formula VC-ի համահիմնադիր

Առաջին ֆոնդով արդեն 22-րդ ներդրումը վերջացնում ենք, որը կլինի վերջինը։ Մոտ մեկ տարի առաջ նկատեցինք, որ ներդրումների պահանջարկը բարձրանում է։ Ստարտափները, որոնք թե՛ հրեշտակ ներդրողներից, թե՛ մեր առաջին ֆոնդից կամ այլ ֆոնդերից վաղ փուլերում ներդրումներ են ստացել, մեծ հաջողություններ են գրանցել ու ահագին բարձր ցուցանիշ ունեն։ Դրանից ելնելով՝ հաշվարկեցինք, թե մոտակա հինգ տարվա մեջ որքան պահանջարկ կլինի, ինչպես կարող ենք հաջող տեղաբաշխել ներդրումները եւ որոշեցինք ստեղծել երկրորդ ֆոնդը։

Առաջինը 7 միլիոն դոլար էր, երկրորդը սահմանել ենք 30 միլիոն դոլար։ Կշարունակենք էլի վաղ փուլերում ներդրումներ անել, բայց նաեւ ավելանալու է A սերիայի փուլը, որտեղ միջինում մեկ միլիոնի հասնող ներդրումներ կկատարենք։

Կարեն Վարդանյան, Formula VC-ի համահիմնադիր

Ընդհանուր էկոհամակարգն աճում է։ Առաջին ֆոնդը այն գաղափարով էինք սկսում, որ ներդրումներ անենք միայն Հայաստանում հիմնված, հայ հիմնադիրներով ստարտափներում, ինչը ժամանակի ընթացքում վերափոխվեց ու դարձավ հայ հիմնադիրներով, բայց ամբողջ աշխարհում հիմնված ստարտափների։

Կարեն Վարդանյանը Կարեն Վարդանյանը
photo © Formula VC


Այսօր 20-ից ավելի երկրում Formula VC-ն ներկա է իր նեթվորքի շնորհիվ՝ կազմված հիմնադիրներից, ներդրողներից, խորհրդատուներից, որոնք շատ ակտիվ են իրենց էկոհամակարգերում։ Formula VC-ն դարձել է, այսպես ասած, «գրավիտացիոն կետ» ամբողջ աշխարհի հայ ստարտափ հիմնադիրների համար։

«Հիմնականում «ագնոստիկ» ենք»

Կարեն Վարդանյան

Մի քանի ոլորտ կա, որտեղ ներդրումներ չենք անում տարբեր պատճառներով։ Օրինակ՝ բիոտեխնոլոգիական ու խորը տեխնոլոգիական (deep-tech) ոլորտներն են, ինչպես նաեւ խուսափում ենք խիստ կարգավորվող ոլորտներից։ Ներդրում չենք անում խաղային (gambling) ոլորտում։ Մեզ հատկապես հետաքրքիր են դառնում այն ստարտափները, որոնք արհեստական բանականության կիրառումը կարողանում են գտնել տարբեր ոլորտներում։

«Չենք խառնվում, միշտ տեղյակ ենք ու հասանելի»

Կարեն Վարդանյան

Ուզում ենք այնպիսի հարաբերություններ կառուցել հիմնադիրների հետ, որ կատարվող ցանկացած կարեւոր իրադարձության տեղյակ լինենք։ Միշտ հասանելի ենք՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում ընկերությունում, լավ կամ վատ շրջան է: Եթե կան խնդիրներ, հիմնադիրները գիտեն՝ կարող են դիմել ու կա այնպիսի մեծ համայնք, որը կփորձի օգնել լուծել ցանկացած խնդիր։ Ֆոնդի առանձնահատկություններից մեկն այն է՝ մեր թիկունքում ունենք մեծ համայնք, որի ամեն անդամ իր ոլորտում հաջողության հասած անհատ է։

«Երկրորդ ֆոնդում եւս ակնկալում ենք ինստիտուցիոնալ ներդրողներ»

Գրիգոր Հովհաննիսյան

Ց-Կվադրատ Ամպեգան առաջին ֆոնդի ներդրողներից մեկն է մեր մյուս ներդրողների կողքին։ Այժմ շարունակվում է մեր համագործակցությունը, քանի որ առաջին ֆոնդը դեռ մինչեւ 2031 թվական ակտիվ է եւ համագործակցությունը շարունակական է լինելու։

Գրիգոր Հովհաննիսյանը Գրիգոր Հովհաննիսյանը
photo © Formula VC


Իրենց ֆոնդում լինելու կարեւորությունը պետք է առանձնահատուկ ընդգծել, որովհետեւ մենք հենց նպատակային ուզում էինք առաջին ֆոնդում ունենալ ինստիտուցիոնալ ներդրող, ինչպես Ց-Կվադրատն է։ Մեզ համար նաեւ վալիդացիայի նշան էր։ Երկրորդ ֆոնդում նույնպես ակնկալում ենք ունենալ ինստիտուցիոնալ ներդրողներ։

Կարեն Վարդանյան

Առաջին ֆոնդում մեզնից բացի, 47 ներդրող ունենք։ Երկրորդ ֆոնդում նույնպես, ըստ կարգավորումների, կարող ենք ունենալ մինչեւ 49 ներդրող. մոտ 25 ներդրող արդեն ունենք, որոնց մեծ մասը հենց առաջին ֆոնդից է մեզ միացել։

«Արդեն 3 ստարտափում ներդրում ենք կատարել»

Կարեն Վարդանյան

Երկրորդ ֆոնդով դեկտեմբերից արդեն երեք ընկերությունում սկսել ենք ներդրումներ կատարելը:
 
Առաջինը AregAI-ում 250 հազար դոլար սաղմնային ներդրումն է։ Այն զբաղվում է վերականգնվող էներգիայի, արեւային պանելների համար AI-ով կառավարման համակարգեր ստեղծելով։

photo © Formula VC


Երկրորդ ներդրումը 250 հազար չափով Proadmap AI-ում է: Նրանց համագործակցում ենք դեռ առաջին ֆոնդից։ Այն մեծ կազմակերպություններին տրամադրում է ընկերությունների ներքին արդյունավետությունը AI-ով բարձրացնող գործիքներ։

Երրորդը Prelaunch-ն է՝ 300 հազար դոլար ներդրումով, որի մեջ նախկինում նույնպես ներդրում ենք կատարել։ Ծրագրում ենք եւս 35-40 ընկերությունում երկրորդ ֆոնդով ներդրումներ կատարել։

Նունե Գրիգորյան